Հորս գյուղի իշխանական պալատը և եկեղեցին
14 րոպեի ընթերցում

«Աժդահակ Տուր»-ի ղեկավար Թաթուլ Տոնոյանի շնորհիվ վերջերս ինձ համար կարեւոր բացահայտում եղավ Վայոց Ձորի մարզի Հորս պատմական գյուղը, որտեղ պահպանվել են պատմաճարտարապետական կարեւոր հուշարձանների հետքեր՝ միջնադարյան իշխանական պալատի եւ եկեղեցու տեսքով։
Հնաբույր այս հողը՝ Մեծ Հայքի Սյունյաց նահանգի Վայոց ձոր գավառը եւ նրա գյուղերից մեկը՝ Հորսը, պարզվում է, հոգեւոր հզոր արժեքներ ունի թաքցրած՝ թե՛ ժամանակների մշուշի, թե՛ հողի հաստ շերտի տակ։
Իսկ մենք գնում ենք Օրբելյան իշխանական տան փառքի ու նրա թողած պատմական ժառանգության հետքերով, այն նյութական ու հոգեւոր ժառանգության, որը օտար ու անողորմ նվաճողների ձեռամբ հայ ժողովրդի համար դժնդակ դարձած տեւական դարերի ընթացքում կարողացել է պահպանել հայկականության դեմքը սրբացած այս հողի վրա, այլադավան ժողովուրդների ու տերությունների մշտահալած օղակի մեջ։ Հորսը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, մարզկենտրոնից 24 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Սելիմագետի աջակողմյան Հորս վտակի ափին, ծովի մակերևույթից 1650 մետր բարձրության վրա։ Գյուղից վերև Գնդասար լեռն է՝ 2960 մ բարձրությամբ։ Գյուղը սահմանակից է Շատին, Սալլի և Թառաթումբ բնակավայրերին։ Հորսը վերաբնակեցվել է 1918 թվականին, Նախիջևանի Մեծոփ կամ Օծոփ գյուղից ներգաղթած ընտանիքներով։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հորսի մշտական բնակչությունը կազմել է 321, առկա բնակչությունը՝ 257 մարդ։
Մինչ Հորս հասնելը մեզ զմայլում են լեռնալանջերով մեկ սպիտակին տվող ու ծաղիկ-ծաղկունքի մեջ փթթած անհամար ալոճենիները, որոնք առաջինն են զգացել գարնան շունչը ու նրա գալն ավետել երկնասլաց ժայռերին, անդնդախոր կիրճերին, թեք ու քարքարոտ լանջերին։ Ծաղիկները վառվռուն տեսք ունեն՝ մե՛րթ ճերմակ, մե՛րթ կարմիր գույների մեջ, որոնք մեր տեսադաշտից չեն չքանում մեր ուղեւորության ողջ ընթացքում։ Բնակավայրի ներսում էլ քիչ չեն ծաղկած ծառերը, կանաչների ու թփերի մեջ թաղված տարածքները, որոնք առանձնակի շուք են հաղորդում գյուղի հնաբույր տներին։
Գյուղամիջում, հին տներ ու շինությունների արանքում էլ մեր առջեւ բացվում է հմայիչ տեսարանը՝ թեկուզ կիսավեր, բայց իր շքեղությունը եւ հետաքրքրությունը չկորցրած իշխանական պալատը՝ սրբատաշ քարերով շարված պատերով, քարեղեն դարպասով, քանդակազարդ որմնախորշերով, քարե սյունախարիսխներով, սյուների մասերով, սրահի ներսի հատակներին, ինչպես նաեւ արտաքին պատերի հարեւանությամբ բացված թոնիրներով։ Շինության մուտքի մոտ ազդագիրն է, որը տեղեկացնում է պալատի շինարարության ժամանակագրության եւ ճարտարապետության մասին։ «Իշխան Չեսար Օրբելյանի պալատ, 14-րդ դարի առաջին կես։ Կառույցը 13-14-րդ դարերի Հայաստանի քաղաքացիական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Ունեցել է եռանավ հորինվածք, քարե չորս սյուների վրա հենված գերանածածկ հազարաշեն տանիք։ Ունի կամարակապ դուռ, պատերին կան կամարաձեւ շթաքարե գագաթներով միահարկ եւ երկհարկ որմնախորշեր, մուտքի հանդիպակաց կողմում իշխանական գահախորշն է։ Իշխանական տունը շրջապատված է եղել բնակելի եւ տնտեսական կառույցներով, որոնք կենտրոնական կառույցներին են հաղորդակցվել պատերից դեպի այդ սենյակներ տանող դռներով։ Ավանդաբար համարվում է, որ այս ապարանքը պատկանել է նշանավոր իշխան Չեսար Օրբելյանին։ Հորս գյուղը եղել է Օրբելյանների իշխանական նստոցներից մեկը, այստեղ պահպանվել են իշխան Լիպարիտի որդի Չեսար Օրբելյանին եւ նրա կնոջը՝ հայոց եւ վրաց ամիրսպասալար, մեծ իշխան Սարգիս Զաքարյանի թոռնուհի Խորիշահ իշխանուհուն հիշատակող արձանագրություններ»։
Ի տարբերություն Հայաստանի տարածքով մեկ պահպանված բազմաթիվ հոգեւոր կառույցների՝ վանքերի, մատուռների ու եկեղեցիների, մեզանում չափազանց քիչ, անգամ բացառիկ են աշխարհիկ ճարտարապետական կառույցները՝ իշխանական տները կամ պալատները։
Պտտվում ենք պալատի ներսում, դրսի շրջակայքով մեկ, կլանված դիտում շինության տեսքը, տարրերը, հողի տակից պեղումների շնորհիվ բացված պատերն ու հատակը, քարե սյուների մասերը, քանդակազարդ որմնախորշերը, մտովի տեղափոխվում հեռավոր դարերի խորքերը, երբ այստեղ կանքը տրոփել է հայկականությամբ, երբ տարածքին տիրապետել են հայոց իշխանները՝ ապահովելով երկրի խաղաղ ու բարգավաճ կյանքը, արարման թափն ու ստեղծագործ ոգու փայլատակումը։
Չեսարի դարպասի մասին մեզ վկայություններ են հասել միջնադարյան հայ նշանավոր պատմագիր, աստվածաբան, կրոնական եւ քաղաքական գործիչ, արքեպիսկոպոս, Սյունիքի մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի մատենագրությունից։
Այս հուշարձանի մասին տեղեկություն է թողել նաեւ անվանի հնագետ-վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը։ «Գյուղամիջում կա մի հին բնակելի տուն, որը բաղկացած է եղել երկու մասից՝ տնից և սրահից։ Այդ տունը եղել է ծածկված գերաններով և հենված է եղել քարե սյուների վրա։ Սյուները եղել են քանդակազարդերով պատված, դրանք պահպանվել են մինչև այսօր։ Պահպանվում են նաև դռան կողմերում գտնվող պատուհանները, որոնք նույնպես կամարակապ են։ Կա վիմագիր արձանագրություն, որտեղ հիշատակված է ինչպես Չեսար իշխանը, այնպես էլ նրա կին Խորիշահը։ Տունը կառուցվել է 13-14-րդ դարերում, այն կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և կանգուն է եղել մինչև 20-րդ դարի կեսերը»։
Իշխանական պալատից մոտ քսան մետր դեպի արեւմուտք մեր դեմ բացվում են միջնադարյան եկեղեցու ավերակները։ Դժվար, անգամ անհնար է միանգամից մտքիդ մեջ ամբարել ու պահել այսքան գեղեցիկ, հազվագյուտ ու բազմազան արժեքներ, որոնք իրար վրա կիտված են մի քանի մետր շառավիղ ընդգրկող այս տարածքում։ Մեր շուրջը իրար վրա անկանոն սփռված կամ դարսված են խաչքարերի, տապանաքարերի ամբողջական կամ կոտրված մասեր, նախշազարդ կամ պատկերազարդ շինաքարերի բեկորներ, սյունախարիսխներ, հայատառ արձանագրություններ պարունակող քարեր, որոնցից յուրաքանչյուրը պատմության համար մի բացառիկ վկայարան կամ հիշատակարան է։ Ու մեզ համար նաեւ դժվար է այդքան հեշտորեն բաժանվել հոգեւոր այս գանձերից, որոնք ասես մագնիսի պես ձգում ու իրենց են քաշում մեր հոգիներում բռնկված ոգեւորությունն ու անհագ կարոտը։ Ընթերցում ենք մի վիմագիր արձանագրության բովանդակությունը․ «Հանուն ամենակարող հզորին․․․Հանուն հոր եւ որդվոյն եւ սուրբ հոգւոյն․․․»։
Հորսը գյուղը՝ Հորք տարբերակով, առաջին անգամ հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի պատմությունում, որը 10-րդ դարում Տաթեւի վանքին տվել է 12 միավոր հարկ: Հավանաբար, այդ ժամանակներից էլ գյուղում եղել է եկեղեցի։ Ղեւոնդ Ալիշանը գրել է, որ գյուղի ավերակները վկայում են հնում նրա մեծ բնակավայր լինելու մասին։ Հետաքրքիր է, որ 1895 թվականին գյուղի բնակիչները գետինը փորելու ժամանակ գտել են 3000 հատ հին արծաթյա դրամներ: Պահպանվել է եկեղեցու միայն խորանի հյուսիսային անկյունը եւ բազմաթիվ եկեղեցական սրբատաշ քարեր։ Այստեղ 1285 թվականին ոմն Տիրիկ (կամ Տիր) ընդօրինակել է ձեռագիր «Ժողովածու», որը պարունակում էր նաեւ Վարդանի «Մեկնութիւն Դանիել մարգարէի» երկը, բարեպաշտ պարոն Լիպարիտի իշխանության եւ Տեր Սարգսի առաջնորդության ժամանակ: Ձեռագրի ստացողը Մաթեւոս վարդապետ Տաթեւացին էր, իսկ Տիրը հիշվում է նաեւ տեղի խաչքարերում, որոնցից մեկը կանգնեցրել է իր հոգու փրկության համար: 19-րդ դարի վերջում եկեղեցին համառոտ նկարագրել է Քաջբերունին. «Հնութիւնների կարգումն է մի աւերակ կրաշաղախ փոքրիկ եկեղեցի, որի սեղանը կամարակապ է եւ սրբատաշ քարից, իսկ միւս պատերը հասարակ քարից»: Նույն դարի վերջում եկեղեցին նշել է Ղեւոնդ Ալիշանը. «Յորս է եկեղեցի մի փոքր՝ սրբատաշ վիմօք ունելով զխորանն, իսկ զայլ մասունս՝ հասարակ կրաշաղախ քարամբք»:
Ինչպես իշխանական պալատում, այնպես էլ եկեղեցու տարածքում 2024 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ եւ ֆինանսավորմամբ պեղումներ է իրականացրել նույն նախարարության «Հուշարձանների պահպանություն» ՊՈԱԿ հնագիտական արշավախումբը՝ հնագետ Ավետիս Գրիգորյանի գլխավորությամբ։ Պեղումների արդյունքում հողաշերտից մաքրվել են պալատի և հարակից եկեղեցու ավերակները։ Բացվել են կառույցների հիմքերը ներքուստ և արտաքուստ, հայտնաբերվել են քանդակազարդ և սրբատաշ բազմաթիվ կարևոր շինաքարեր, սյունախարիսխներ, զուգահեռ իրականացվել են չափագրման և հուշարձանախմբի վերականգնման նախագծի պատրաստման աշխատանքները։
Հայտնաբերվել են հնագիտական բազմաթիվ գտածոներ՝ խեցեղեն, քարե և մետաղյա առարկաներ, ճրագակալներ, արձանագրություններ, բացվել են եկեղեցու ավերակների վրա կատարված երեք տասնյակ ուշագրավ մանկական թաղումներ։
Ավետիս Գրիգորյանի հավաստմամբ՝ պեղումները հուշարձանի տարածքում կշարունակվեն նաեւ հետագայում, քանի որ, ինչպես ցույց են տվել դիտարկումները, հուշարձանի ամբողջ շրջակայքով մեկ եղել են բնակելի այլ շինություններ, որոնք հիմնականում թաղված են հողի տակ ու իրենց մեջ շատ կարեւոր տեղեկություններ են թաքցնում։ Ըստ հնագիտական արշավախմբի ղեկավարի՝ պալատի հատակում կամ դրսի պատերին մոտիկ հայտնաբերված թոնիրները կառուցվել են ավելի ուշ ժամանականերում, 19-20-րդ դարերի ընթացքում, ինչը հուշում է, որ պալատը կանգուն ու բնակեցված է եղել մինչեւ 20-րդ դարի սկիզբը։ Իսկ Խորհրդային շրջանում, մինչեւ 1950-ական թվականները, այն գործել է որպես կոլխոզի պահեստ, ապա վերածվել լքված շինության։ Եվ, որ ամենակարեւորն է, 2025 թվականի ընթացքում կսկսվեն պալատի վերականգնման աշխատանքները։
Իհարկե, անչափ դրվատելի եւ ուրախալի է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գործուն քայլեր է ձեռնարկել պատմական այս կարեւոր, անկրկնելի հուշարձանների վերականգնման ուղղությամբ, ինչի շնորհիվ ոչ միայն ոչնչացումից ու մոռացությունից վերջնականապես կփրկվեն Հորսի իշխանական պալատն ու եկեղեցին, այլ նաեւ այստեղ նոր շունչ ու թափ կառնի պատմահնագիտական զբոսաշրջությունը։
Չեսար Օրբելյանը պատմական անձնավորություն է, մեր ազգին պատմամշակութային ժառանգություն թողած գործիչ, իշխանաց իշխան Լիպարիտ Օրբելյանի որդին։ Ապրել է 13-14-րդ դարերում։ Չեսար Օրբելյանը հայտնի է որպես կառուցող և բարեգործ: Ըստ պատմական աղբյուրների՝ նրա իրականացրած կառույցներից ամենահայտնին Օրբելյանների իջևանատունն է, որը գտնվում է Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիք-Վայոց ձորի մարզերի սահմանաբաժանում։ Այն կառուցվել է 1332 թվականին և ծառայել է որպես առևտրային ճանապարհների հանգույց՝ նպաստելով միջնադարյան Հայաստանի տնտեսական և մշակութային կյանքի զարգացմանը: Քարավանատունն իր ճարտարապետական ամբողջական տեսքի մեջ վերականգնվել է 1956-1959 թվականների ընթացքում։
Չեսար Օրբելյանը Իվանեի որդի Լիպարիտ Օրբելյանի որդին է, Սմբատ Օրբելյանի եղբայրը, որը հիշատակվել է 14-րդ դարի երեք արձանագրություններում։ Չեսար Օրբելյանի մասին առաջին անգամ հիշատակվում է 1310 թվականի մի ձեռագիր հիշատակարանում։ Ապա Չեսարը հիշատակվում է Գլաձորի մի խաչքարի 1311 թվականի արձանագրությունում՝ որպես տեղի իշխան։ Թեև Ղևոնդ Ալիշանը գրում է, որ Չեսարը Սմբատ Օրբելյանի որդին է, սակայն Օրբելյանների իջևանատան դահլիճի արևելյան պատի արձանագրությունից պարզ է դառնում, որ նա իշխանաց իշխան Լիպարիտ Օրբելյանի որդին է, Սմբատի, Էլիկումի և Բուրթելի եղբայրը։ Չնայած արձանագրության մեջ հիշատակվում են միայն երեք եղբայրներ, սակայն Հովհաննեսը նույնպես Չեսարի եղբայրն է։ Չեսար Օրբելյանը հիշատակվում է նաև Հորս գյուղի մի խաչքարի 1349 թվականի արձանագրությունում։
Չեսար Օրբելյանի կինը Վարդան Արծրունու դուստր Խորիշահն էր։ Նրանք ունեցել են 5 որդիներ՝ Սարգիս, Հովհաննես, Քուրդ, Վարդան և Իվանե։
Հորսն ունի նաև 12-14-րդ դարերի գերեզմանոց, որտեղ կան մեծ թվով խաչքարեր։
Լիահույս ենք, որ այստեղ հնագիտական պեղումները կշարունակվեն նաեւ այս տարվա ընթացքում՝ բացահայտելով պատմամշակութային նոր ու արժեքավոր տեղեկություններ Հորսի սկզբնավորման, կենսագործունեության, ժամանակագրության ու այլ մանրամասների մասին։