Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետության կողմից Ադրբեջանին զենք վաճառելը չի դիտարկում որպես բիզնես
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետության կողմից Ադրբեջանի Հանրապետությանը զենքի վաճառքը չի դիտարկում որպես բիզնես: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանի հարցին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այդ հարցը մշտապես մեր քննարկումների օրակարգում է՝ թե՛ խորհրդարանական, թե՛ կառավարությունների մակարդակով։ Դուք գիտեք մեր մոտեցումը՝ դրան մենք չենք վերաբերվում որպես բիզնեսի։ Դա զենք է, որն ուղղված է մեր մարդկանց դեմ և, իհարկե, այս հարցի զգայունությունը բավականին բարձր է»,- ասաց Մնացականյանը:
2018 թվականի հունիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանը, և ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում էին բելառուսական արտադրության «Պոլոնեզ»-ները: