Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Հայաստանում և Արցախում ընթանում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը

Հայաստանում և Արցախում  ընթանում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ 
միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում և  Հայաստանի 7 մարզերում, Արցախում և Վրաստանում  նոյեմբերի 5-9-ը տեղի է ունենում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ Հոբելյանական միջազգային փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այն կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության աջակցությամբ:  

Փառատոնի հիմնական նպատակներից մեկն է ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ, հնարավորինս շատ ներգրավել և մասնակից դարձնել մարզաբնակ հանրությանը փառատոնին, ինչպես նաև նպաստել փառատոնային հյուրերի և տեղի հանրության միջև անմիջական կապերի  ստեղծմանը:

Երևան են ժամանել հյուրեր Ռուսաստանից, Չեխիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Սլովակիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից, Ճապոնիայից և այլն:

Շուրջ 68 երկրից ստացված 1020 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ:

«Ռոլան» 15-րդ Հոբելյանական փառատոնը հավատարիմ է մնում իր որդեգրած  ձևաչափին, և այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված է բացառապես երեխաներից և պատանիներից` Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից, մասնավորապես` «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` երեխաները Արցախից, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ «Այբ» դպրոցի սաները, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում՝ ՀՀ զորամասերի զինվորները և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները: Այս տարի ևս փառատոնային ծրագրում ընդգրկված կլինի ոչ մրցութային «Երեխաները երեխաների համար» անվանակարգը, որտեղ ներկայացված կլինեն մի շարք երկրների երեխաների և պատանիների կողմից նկարահանված լավագույն ֆիլմերը երեխաների համար:

Հոբելյանական 15-րդ փառատոնի Ծրագրի շրջանակներում նախատեսվում էին 8 խաղարկային և անիմացիոն ֆիլմերի երևանյան պրեմիերաներ, որոնցից 6-ի ցուցադրություններին ներկա կլինեն ֆիլմերի ռեժիսորները, ինչպես նաև հատուկ ցուցադրություններ:  

Ծրագրի գործընկերներն են Վիշեգրադի երկրներից (Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Լեհաստան)՝ Սլովակիայում Սլովակ ֆիլմերի ակումբների ասոցիացիան, «Superfilm» կինոարտադրությունը, «ARCHiMERA» ՀԿ, Հունգարիայում «BUSHO» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, «Kid’s Eye Art» ասոցիացիան, Լեհաստանում «Ale kino!» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, «ASP Wroclaw» Վրոցլավի արվեստի և դիզայնի ակադեմիայի նկարչության և քանդակագործության ֆակուլտետը, Չեխիայում «JUNIORFEST» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, «Art Fabrika» արվեստի դպրոցը, Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվ. Թատրոնի և կինոյի պետական համալսարանը:

Արդեն երկրորդ տարին է, որ «Ռոլան Բիկով» հիմնադրամը համագործակցում է Ճապոնիայի միջազգային հիմնադրամի հետ, և նրա աջակցությամբ այս տարի հատուկ ծրագրի շրջանակներում Ճապոնիայից Հայաստան կժամանի ռեժիսոր, անիմատոր Յոկո Յուկին և հայ հանդիսատեսին կներկայացնի  «Գիշերային փաթիլը» անիմացիոն ֆիլմը, հանդիպում կունենա Հայ-Ռուսական համալսարանում:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ