1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևան-Սոֆիա թռիչքները կնպաստեն տնտեսական, զբոսաշրջային համագործակցության զարգացմանը. ԱԳ նախարար

Երևան-Սոֆիա թռիչքները կնպաստեն տնտեսական, զբոսաշրջային 
համագործակցության զարգացմանը. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի այցը Հայաստան համալրում է երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայ բուլղարական հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային առնչությունների վրա, ինչը հիմք է ստեղծում այսօրվա միջպետական հարաբերությունների զարգացման համար»,-ասաց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ բուլղարահայ գաղթօջախի պատմությունը սկիզբ է առնում 5-րդ դարից: Գոհունակությամբ արձանագրեց, որ հայ ժողովրդի ազգային հերոսներն իրենց ակտիվ մասնակացությունն են ունեցել բուլղար ժողովրդի ազատագրման գործում՝ արժանանալով բազում պետական պարգևների:

«Համիդյան ջարդերից ու ցեղասպանությունից հետո բուլղար ժողովուրդն ընդունեց մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայերի: Այսպիսով` երկու ժողովուրդները նաև ճակատագրի բարեկամներ են»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ հայ-բուլղարական միջպետական հարաբերությունները բազմաշերտ են ու հագեցած շփումներով: Հայ բուլղարական հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ բազմակողմ ու ակտիվ մասն են կազմում Հայաստան-ԵՄ երկխոսության մեջ: Նա ուրախությամբ արձանագրեց, որ Բուլղարիան այն 16 պետություններից է, որը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը:

«Մեր տնտեսական հարաբերություններն ակտիվ զարգացում ունեն, սակայն, դեռևս, առաջընթացը բավարար չենք կարող համարել: Այս առումով կարևոր ենք համարում հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի 8-րդ նիստը կայացավ  այս տարվա մարտին Երևանում: Անցկացված բիզնես ֆորումը կարևոր իրադարձություն էր երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունների առանցքում նաև ժողովուրդների, հասարակությունների միջև կապերի ամրապնդումն է: Այդ համատեքստում նա առանձնահատուկ կարևորեց նաև ուղիղ կապի ձևավորումը, այդ թվում, Երևան-Սոֆիա թռիչքների մեկնարկի միջոցով, ինչը կնպաստի տնտեսական, զբոսաշրջային ոլորտներում համագործակցության, մշակութային, մարդկային կապերի զարգացմանը:  Որպես համագործակցության խոստումնալից բնագավառներ գործընկերներն առանձնացրեցին զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, բժշկության ոլորտները:

«Որպես խորհրդարանական հանրապետություն, որը ընթանում է ժողովրդավարության ուղիով, Հայաստանը մեծապես կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը: Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր: Այս տարի նախատեսվում է նաև Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամական խմբի այցը Հայաստան: Մեր երկրները նաև ակտիվ համագործակցում են մշակութային, կրթական գիտական բնագավառներում»,-ասաց նախարար:

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հանդիպմանը ստորագրվել է երկու կարևոր փաստաթուղթ՝  Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը, ինչպես նաև երկու երկրների կառավարությունների միջև Հայաստանի ու ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը:

«Գործընկերոջս հետ անդրադարձ կատարեցինք տարածաշրջանայի և միջազգային օրակարգի հրատապ հարցերին: Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնց առանցքում ընկած են Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներն՝ ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակն առանց սահմանափակման և հարկադրանքի, ազատորեն ապահովել իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]