Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԼՀԿ-ն առաջարկում է կուսակցությունների համար պետական որոշակի աջակցության տրամադրում

ԼՀԿ-ն առաջարկում է կուսակցությունների համար պետական որոշակի աջակցության 
տրամադրում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որ պետությունը որոշակի աջակցություն տրամադրի խորհրդարան անցած կուսակցություններին՝ մարզային գրասենյակներ ունենալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՀԿ-ի առաջարկները «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներին ներկայացրեց պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ ԼՀԿ-ն մարտից մասնակցել է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի փոփոխությունների աշխատանքային խմբի աշխատանքին, ներկայացրել  բազմաթիվ առաջարկներ: «Եթե պետությունը որևիցե ձևով կուսակցության առջև պահանջ է դնում ունենալ տարածքային գրասենյակներ, որոշակի թվով անդամներ, այս կամ այն մասնակցություն, պետք է գոնե մինիմալ օժանդակություն ցուցաբերի: Սակայն միայն կուսակցության գոյությունը չի ենթադրում, թե այն պետք է ստանա պետական աջակցություն, կուսակցությունը պետք է ապացուցի, որ ինքը կենսունակ է, մասնակցի ընտրություններին, ունենա հանրային աջակցություն: Մենք կարծում ենք, որ առնվազն 2 տոկոս հանրային աջակցություն ունեցող կուսակցությունները և 3 տոկոս հանրային աջակցություն ունեցող դաշինքները  կարող են ստանալ պետական աջակցություն, ֆինանսավորում»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ դա թույլ կտա առաջին հերթին խորհրդարան չանցած կուսակցություններին ձեռք բերել որոշակի ինքնուրույնություն, հետագայում կենսագործունեություն ապահովելու, ուժեղանալու ու խորհրդարան մտնելու համար:

ԼՀԿ-ի կարծիքով՝ խորհրդարան անցած կուսակցությունների համար պայմաններն ավելի խիստ պետք է լինեն: Նրա խոսքով՝ խորհրդարանում ներկայացված կուսակցություններին պետք է պարտադրվի ունենալ մարզային գրասենյակներ, ապահովել մարդկանց հանդիպումը հենց տեղերում, խորհրդարան անցած կուսակցության պատասխանատվությունն ավելի մեծ է: «Սակայն, եթե պետությունը դնում է բոլոր մարզերում գրասենյակներ ունենալու պահանջ, ապա պետք է նաև որոշակի գոնե նվազագույն ֆինանսական աջակցություն տրամադրի»,-նշեց Սիմոնյանը:

Նա կարևորեց նաև կուսակցությունների կարողությունների զարգացումը, նկատեց, որ մեծ մասը չունի հնարավորություն՝ օգտվելու հետազոտական լայն բազայից, այսինքն՝ օգտվելու անկախ փորձագետների ծառայությունից: Պատգամավորը նկատեց, որ հաճախ այս կամ այն օրինագծի վերաբերյալ հանրության դիրքորոշումը հասկանալու համար ստիպված օգտագործվում են սոցկայքերը, ԶԼՄ-ները, ինչը կարող է մանիպուլյացիայի պատճառ դառնալ: Այլ բան է պատկերը սոցիալական ցանցերում և այլ բան է իրականում: «Եվ հանրության վերաբերմունքը պետք է հասկանալ կամ փորձագիտական հետազոտությունների կամ հարցումների միջոցով, ինչից կուսակցությունների մեծ մասը զրկված է: Կարողությունների զարգացումը նաև վերաբերում է կուսակցությունների անդամների մասնագիտական կարողությունների զարգացմանը»,-ասաց նա ու հավելեց՝ աջակցություն պետք է տրամադրվի ոչ միայն ֆինանսական, այլ նաև տարածքների տրամադրման միջոցով:

Սիմոնյանը կարևորեց նաև Հանրային հեռուստաընկերությամբ ու Հանրային ռադիոյով եթերաժամանակի տրամադրումը կուսակցություններին՝ իրենց գաղափարներն ու մտքերը տեղ հասցնելու համար:  Պատգամավորը ներկայացրեց կուսակցության այլ առաջարկներ ևս՝ շեշտելով, որ իրենց համար կուսակցությունների ձևավորման ամենակարևոր սկզբունքն այն է, որ լինի լիբերալ մոտեցում, այսինքն` կուսակցությունը ստեղծելը չլինի բյուրոկրատական քաշքշուկով պայմանավորված, լինի ավելի հեշտ, քան այսօր կա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]