Հասարակական

Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այցելեցին Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այցելեցին Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը և քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհել և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Քորթնի Քարդաշյանն իր հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է տարել նաև իր երկու երեխաներին:

Քարդաշյան քույրերին ուղեկցել և 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի ու դրան նվիրված հուշահամալիրի կառուցման պատմությունն է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին:

Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում