Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Հայաստանը «Սիլիկոնյան հովիտ» է տարածաշրջանում, դուք մեծ հեռանկարներ ունեք. Իվոն Չու

Հայաստանը «Սիլիկոնյան հովիտ» է տարածաշրջանում, դուք մեծ հեռանկարներ ունեք. 
Իվոն Չու

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն 7-րդ անգամ է Հայաստանում, և շատ է սիրել մարդկանց, մշակույթն ու երկիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Չուն ասաց հոկտեմբերի 7-ին Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինձ համար շատ մեծ պատիվ է հերթական անգամ լինել Հայաստանում: 7-րդ անգամ եմ այստեղ, և արդեն այնքան եմ տեսել Հայաստանը, տեսել եմ ձեր մարդկային որակները, քաղաքացիներին, մշակույթը, և շատ հավանել եմ այս ամենը: Մի քանի տարի առաջ ես նույնիսկ չգիտեի Հայաստանի գոյության մասին, իսկ հիմա այնքան շատ երկրներ գիտեն Հայաստանի մասին, ես մեծապես հպարտ եմ սրանով, և ուրախ եմ, որ WCIT-2019-ը տեղի է ունենում Հայաստանում»,- ասաց Չուն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահը բազմաթիվ մարդկանց է պատմել Հայաստանի մասին, որոնք մեր երկիր այցելելու ցանկություն են հայտնել:

«Ես տարբեր երկրներում եմ եղել 40 տարիների ընթացքում, որպես նախագահ: Ես 21 երկրում եմ եղել, պատմել եմ բոլորին Հայաստանի մասին: Չեմ կարծում, որ որևէ մեկը պետք է մտածի, որ երկիրը փոքր է, դուք պետք է հպարտանաք, որովհետև, երբ պատմում եմ ՀՀ-ի մասին, շատերն են ցանկանում այցելել Հայաստան: Դուք «Սիլիկոնյան հովիտ» եք տարածաշրջանում և մեծ հեռանկար ունեք: Ձեր ժողովուրդն ունի երիտասարդ տաղանդ, և ասում եմ, որ սիրում եմ Հայաստանը»,- նշեց նա:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ հատուկ զեկույցով հանդես գալու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ