Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունվար

Խորհրդարանը քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու հարցը

Խորհրդարանը քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 68 հազար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից առաջարկված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Վարազդատ Կարապետյանը։

«Նվազագույն ամսական աշխատավարձը հիմա սահմանված է 55 հազար դրամ, մենք սկզբնապես առաջարկեցինք բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Եվ այդ թիվը սահմանելու հիմնական պատճառն  այն էր, որ չազդեինք բազային աշխատավարձի վրա, որը հիմա 66 հազարից ավելի է: Համայնքներում մեր հանդիպումները ցույց էին տալիս, որ բազմաթիվ մարդկանց՝ հատկապես համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների աշխատավարձը նվազագույն էր, և մարդիկ բողոքում էին: Եվ մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշեցինք առաջարկել նվազագույն աշխատավարձի բարձրացում»,-ասաց Կարապետյանն ու հավելեց, որ հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ:

Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում դա ազդեցություն կունենա բազային աշխատավարձի վրա, և, հետևաբար, պետք է փոփոխություններ մտցվեին նաև Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի մեջ: Հանձնաժողովը կառավարության առաջարկը քննարկելուց հետո կողմ է քվեարկել նվազագույն աշխատավարձը 68  հազար դարձնելու տարբերակին:

Կառավարությունը դրա համար էական հիմնավորումներ է ներկայացրել: Ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձները: Կարապետյանը վստահեցրեց՝ ծախսերի ու հարկերի ազդեցության հանրագումարի արդյունքում պետական բյուջեի վրա մաքուր ազդեցությունը 2 մլրդ դրամից չի անցնելու: Նա նշեց՝ կառավարությունը դրան պատրաստ է:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ