Քաղաքականություն

ԱԺ-ն պետք է առնվազն իր դիրքորոշումը հայտնի ՍԴ-ի վերաբերյալ. Միրզոյանը՝ նախաձեռնած գործընթացի մասին

4 րոպեի ընթերցում

ԱԺ-ն պետք է առնվազն իր դիրքորոշումը հայտնի ՍԴ-ի վերաբերյալ. Միրզոյանը՝ նախաձեռնած գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը չունի հանրային վստահություն: Եվ ԱԺ-ն որպես առաջնային մանդատ ունեցող օրինական, լեգիտիմ միակ ինստիտուտ պետք է իր դիրքորոշումն առնվազն հայտնի ՍԴ-ում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին:

«Ես կարծում եմ, որ ԱԺ-ն որպես առաջնային մանդատ ունեցող օրինական, լեգիտիմ միակ ինստիտուտ, պետք է իր դիրքորոշումն առնվազն հայտնի ՍԴ-ում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ակնհայտ է, որ այս մարմինը չունի հանրային վստահություն: Եթե նույնիսկ այս անվստահության հիմքում ընկած փաստարկները իրավացի և արդարացի չեն, ապա միայն այն, որ հանրությունն իր ՍԴ-ին չի վստահում, արդեն մեծ խնդիր է: Ես կասեի, որ սա նույնիսկ իրավական անվտանգության հարց է: Եվ այս իրավիճակը պետք է ինչ-որ կերպ հանգուցալուծվի՝ իրավական ճանապարհով»,-ասաց Միրզոյանն ու հիշեցրեց, որ իրավունքի գերակայությունը հեղափոխության առաջին իսկ օրվանից հռչակել են իբրև հիմնարար սկզբունք և այդպես պետք է շարունակեն կառուցել պետականությունը:

Միրզոյանը նկատեց՝ եթե մեխանիզմում ինչ-որ բան այնպես չի աշխատում կամ ժողովուրդն այլևս վստահություն չունի, դա պետք է փոփոխությունների ենթարկել: Ինքը դրանում մեծ խնդիր չի տեսնում:

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցությանն է: Սակայն նախագծի վերաբերյալ վերջնական որոշում պետք է հայտնի ՍԴ-ն: Միրզոյանը նաև անդրադարձավ հարցին, թե արդյոք խմբակցությունը այդ նախաձեռնության հարցում հաշվարկել է հաջողության հասնելու հնարավորությունը: «Այստեղ հակասական բան կա: Մի կողմից թվում է ռացիոնալ և ողջամիտ որևէ այդպիսի գործընթաց սկսելիս հաշվարկել բոլոր հնարավոր զարգացման սցենարները, մյուս կողմից կյանքում երբեմն կարևոր է դիրքորոշումը ֆիքսել՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները և ինչպիսի ավարտ կլինի»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե ոմանք երբեմն գործընթացն ընկալում են որպես ճնշում ՍԴ-ի վրա՝ Միրզոյանն ասաց՝ բոլորովին համաձայն չէ:

Լրագրողի դիտարկմանը, թե ոմանք տեսակետ են հայտնում, որ նման նախաձեռնությունը կապված է ՍԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման հետ՝ Միրզոյանը պատասխանեց՝ հատկապես լավ էր, որ ՍԴ-ի այդ որոշումն ընդունելուց հետո ինքը խոսեց այդ նախաձեռնության մասին: «Եթե նախապես խոսեի, դա մեկնաբանվելու էր իբրև ճնշում: Թեև 1.5 տարվա ընթացքում, եթե մենք ցանկանայինք ոչ օրինական ճնշում գործադրելու, բազմաթիվ հնարավորություններ ու առիթներ ունեինք, իհարկե չենք արել և չէինք էլ պատրաստվում»,-եզրափակեց ԱԺ նախագահը:

Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշմաննախագիծը:ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղել է ԱԺպետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։ Հանձնաժողովում քննարկվելուց հետո նախագիծը կքննարկվի նաև ԱԺ առաջիկա հերթական նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում