Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Հովհաննես Թումանյանի ժառանգները գրողի թանգարանում նշեցին նրա հոբելյանը

Հովհաննես Թումանյանի ժառանգները գրողի թանգարանում նշեցին նրա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի հոբելյանի կապակցությամբ սեպտեմբերի 13-ին գրողի թանգարանն իր հարկի տակ էր հյուրընկալել նրա տոհﬕ սերունդներին` նշելու մեծն լոռեցու 150-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թումանյանի թոռնուհի Իռմա Սաֆրազբեկյանը, ներկայացնելով գրողի ժառանգներին, ասաց, որ ոչ բոլորն են կարողացել գալ միջոցառմանը: «Արական սեռի ներկայացուցիչներից այստեղ են Հովհաննեսը, Արեգը և իմ որդին` Ռուբեն  Քանքանյանը:  Ներկա են Անահիտը, Տատյանան: Մենք` մեծերս, պարտավոր ենք շարունակել Թումանյանի գործն ու նպաստել նրա հանրահռչակմանը»,-նշեց Սաֆրազբեկյանը:

Խոսելով գրողի հոբելյանի առթիվ հրատարակված գրքերի մասին` թոռնուհին ընդգծեց, որ Հովհաննես Թումանյանի կյանքում մշտապես եղել են մարդիկ, որոնք օգնել են նրան ապրել ու գործեր լույս ընծայել: Նրանցից էր Մարիամ Թումանյանը: «Բարեկամության և բարեգործության ավանդույթը կարծես շարունակվում է: Մեզ աջակցել է Գագիկ Ծառուկյանը, որի  շնորհիվ վերանորոգվել է Դսեղում Թումանյանի տուն-թանգարանը, ռուսերենով հրատարակվել է Թումանյանի «Հատընտիր»-ը»,-ասաց նա:

Թումանյանի 150-ամյակին նվիրված  գրքերի շարքում իր ուրույն տեղն ունի նաև «Հոբելյանական ընտրանի» գիրքը, որը կազմել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը: Նա շեշտեց, որ փորձել են նորովի ներկայացնել  թումանյանական ստեղծագործությունները: «Առաջին անգամ է  մոտավորապես 600 էջի սահմանում լույս տեսնում Թումանյանի ընտրանին: Նախկինում դրանք հրատարակվել են հատորներով:  Կարծում եմ` այն ընթերցողին ամբողջական պատկերացում կտա Թումանյանի ստեղծագործության մասին` բանաստեղծություն, քառյակներ, պոեմներ, հեքիաթներ, հրապարակախոսական գործերից նմուշներ»,-նշեց Երիցյանը:

Նա հայտնեց, որ նախաձեռնում են հրատարակել նաև «Թումանյանը քննադատ»  գիրքը,  որը բացառապես նվիրված է գրողի հրապարակախոսությանը:

Թումանյանի որդի Արեգի թոռը` Արեգը, խոսելով թանգարան այցելության մասին, նշեց, որ այն իր տունն է: «Դպրոցական արձակուրդներին հաճախ էի գալիս Հայաստան և ամեն շաբաթ այցելում էի թանգարան: Այստեղ զգում եմ ինձ ինչպես իմ տանը»,-ընդգծեց Արեգը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ