Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց երկրորդային շուկայում եկամտահարկով հիփոթեքային ծրագրից օգտվելու նախագիծը

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց երկրորդային շուկայում եկամտահարկով հիփոթեքային 
ծրագրից օգտվելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված, հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում էր մարզերում երկրորդային շուկայում եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրից օգտվելու հնարավորություն տալ:

 «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ « Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հիփոթեքային գործող մեխանիզմով, երբ քաղաքացին կառուցապատողից բնակարան է գնում, վճարած եկամտահարկի տոկոսները փոխհատուցվում են: Այս օրենքն ընդունվել է, որ Հայաստանում բնակարանաշինությունը սկսի զարգանալ, բայց փորձը ցույց է տվել, որ մենք բնակարանաշինություն ունենք միայն Երևանում, և այս մեխանիզմից օգտվում են միայն մայրաքաղաքում: Եվ մարզերում ապրող մարդիկ, որոշ դեպքերում ունենալով բարձր աշխատավարձեր, չեն կարողանում այդ մեխանիզմներից օգտվել իրենց քաղաքներում և ստիպված Երևանում են բնակարան գնում, ինչը տանում է կենտրոնացման: Հիմա, քանի որ որևէ բան չի արվում, որ մարզերում բնակարանաշինությանը զարկ տրվի, մենք առաջարկում ենք, որ այս մեխանիզմը սկսի գործել նաև մարզերի բնակիչների համար և գործի նաև երկրորդային շուկայից բնակարան գնելու պարագայում»,-նշեց Մարուքյանն ու կրկնեց, թե ինչու նաև երկրորդային շուկայից՝ քանի որ մարզերում բնակարանաշինություն չկա:

Նրա խոսքով՝ նախագիծը ներկայացրել է նաև այն հիմնավորմամբ, որ այն վերացնում է խտրականությունը: «Մարզերում ապրող մարդիկ մեղավոր չեն, որ ապրում են մարզերում, և այնտեղ չկա բնակարանաշինություն: Ըստ էության, պետության կողմից դրված մեխանիզմը նրանց հասանելի չէ»,-նշեց Մարուքյանն ու կոչ արեց՝ թույլ տալ նախագիծը մտնի լիագումար նիստերի օրակարգ ու այն քննարկել, ունենալ գոնե բազմաթիվ կարծիքների քննարկման հնարավորություն:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել էր բացասական եզրակացություն:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ առաջին հայացքից շատ լավ նախագիծ է, որը ունի բարի նպատակ՝ մարզերում օգնել մարդկանց ձեռք բերել բնակարաններ: «Բայց իրականում նախագծի տակ թաքնված են բազմաթիվ ռիսկեր: Նախագծի հիմնական նպատակն ի սկզբանե եղել է կառուցապատումը խթանելը (այնպես անել, որ շատ բնակարաններ վաճառվեն), ոչ թե սոցիալական խնդիրը լուծելը: Սոցիալականը ևս եղել է բաղադրիչներից մեկը, սակայն հիմնական նպատակը եղել է կառուցապատումը խթանելը, որն էլ իր հերթին հարկեր էր գեներացնելու»,-ասաց Թունյանը:

Ի հակադրություն Մարուքյանի տեսակետի՝ նա նշեց, որ եթե նախագիծն ընդունեն, դա կլինի խտրականություն. «Երևանում էլ ապրող մարդիկ կան, որոնք ունեն բնակարանի խնդիր: Եվ այնպես չէ, որ Երևանում բնակվողն անպայմանորեն ավելի լավ պայմաններ ունի, քան մարզում ապրողը»

Թունյանի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է բազում ռիսկեր, թե նախագիծն ընդունելու դեպքում ինչ կեղծ գործարքներ կարող են լինել, որոնց հետևանքով բյուջեն կարող է կորուստներ կրել:

Թունյանի կարծիքով՝ նախագիծը լիագումար նիստերի օրակարգ մտցնելն իմաստ չունի, հանձնաժողովում մասնագիտական քննարկում արել են արդեն, հասկացել են, որ չկա ընդհանուր եզր՝ հայտարարի գալու համար: Նա առաջարկեց մտածել ավելի խորքային լուծումներ գտնելու համար:

Քվեարկությամբ նախագիծը ստացավ 36 կողմ, 74 դեմ, 1 ձեռնպահ ձայներ՝ չընդգրկվելով 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանի նիստերի օրակարգ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]