Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

ՀՀ նախագահի նստավայրում բացառիկ ցուցադրության են դրվել հռոմեական խճանկարները


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապիտոլյան թանգարանի երկրորդ և երրորդ դարերի հին հռոմեական խճանկարների հավաքածուից մի քանի նմուշ, որոնք արտահայտում են Հռոմի վարպետների մանրակրկիտ ու գեղեցիկ աշխատանքը, սեպտեմբերի 5-ին ներկայացվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցադրությանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանն ասաց, որ «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսը, որում ներառված է խճանկարների ամբողջ հավաքածուն, ներկայացված է Հայաստանի ազգային պատկերասրահում: «Որպես գեղարվեստի բազմամյա սիրահար և  նրբաճաշակ գնահատող, նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է ստեղծել  ևս մեկ բացառիկ հնարավորություն  հաղորդակցվելու իտալական մշակույթին, խորասուզվելու  այն հեռավոր ժամանակների մեջ, երբ Հին Հռոմն ու Մեծ Հայքն ունեին բազմազան  և հարուստ կապեր և, ինչու չէ, ավելի սերտացնելու մեր  երկու երկրների նորօրյա միջպետական հարաբերությունները»,-նշեց  Տարասյանը: 

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնական շնորհակալություն հայտնեց նախաձեռնության իրականացման գործում մեծ դերակատարություն ունեցած անձանց ու ընդգծեց, որ պատիվ է համարում   նպաստել մշակութային քաղաքականության զարգացմանը, որը վարում է ՀՀ կառավարությունը: 

 «Մենք կարևորություն ենք տալիս մշակույթին, որը լուրջ զենք է և մեծ նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Մշակույթը մեր ԴՆԹ-ն է»,-շեշտեց նա: Անդրադառնալով ցուցանմուշներին` դեսպանն ասաց, որ դրանք ընտրվել են` հաշվի առնելով խճանկարների մշակութային, պատմական արժեքը: 

Ցուցահանդեսի համադրող Սաթենիկ Չուգազսյանի խոսքով` ցուցահանդեսը բացառիկ է: «Այս խճանկարները, գտնվել են 19-20-րդ դարերում և սկզբնական շրջանում չեն գնահատվել: Դրանց մի մասն է պահպանվել, մյուս մասը ոչնչացվել է:

Ցուցանմուշներն անգամ հռոմեացիներին չեն ներկայացել, քանի որ վերականգնված չեն եղել: Ռեստավրացիայից հետո ցուցադրվել են Բուլղարիայում, այնուհետև Վինչենցո դել Մոնակոյի նախաձեռնությամբ բերվել են Հայաստան»,-պատմեց նա: 

Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Հայաստանի նախագահի նստավայրում ցուցադրվող երեք նմուշները հայտնաբերվել են Հռոմում՝ 19-20-րդ դարերի ընթացքում, երբ քաղաքը վերակառուցվում էր՝ դառնալով մայրաքաղաք: 

Հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերի համար կգործի մինչև սեպտեմբերի վերջ:  

Ցուցահանդեսն իրականացնում են Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը։ 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ