Մշակույթ

Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը

2 րոպեի ընթերցում

Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը 3 միլիոն 281 հազար դրամ գումար տրամադրեց Երևանի համայնքին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս որոշումը Կառավարությունն ընդունեց օգոստոսի 8-ի հերթական նիստում։

«Ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի կողմից ներկայացված նախահաշվի՝ հուշարձանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 54,2 միլիոն դրամ։ Հարցը քննարկվել է նաև Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, ընտանիքի կողմից է եղել արձանը հենց այնտեղ տեղադրելու նախաձեռնությունը և ցանկությունը»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանի արձանը տեղադրելու հետ կապված դեռ շատ վաղուց որոշում կար, և նախատեսված էր այդ արձանը տեղադրել Մաշտոցի պողոտայում, սակայն ինչ-ինչ հանգամանքներով այդ տեղը Դեմիրճյանի ընտանիքի համար պակաս ընդունելի համարվեց։

«Ի վերջո, Երևանի քաղաքապետարանն առաջարկեց արձանը տեղադրել մարզահամերգային համալիրի դիմաց։ Կառավարությունը և ընտանիքը առաջարկն ընդունեցին։ Նաև ներկայացվել է արձանի մակետը, որը, կարծես թե, ընդունելի է և՛ Երևանի քաղաքապետարանի, և՛ ընտանիքի կողմից»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչ ժամկետներում արձանը ֆիզիկապես տեղադրված կլինի տարածքում, նախարարը ժամկետներ չնշեց, սակայն ասաց, որ աշխատանքը կկատարվի հնարավորինս սեղմ ժամկետներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում