Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սիրիայի Մեծ Մուֆթին երախտագիտություն է հայտնել ՀՀ հումանիտար առաքելության գործունեության համար

Սիրիայի Մեծ Մուֆթին երախտագիտություն է հայտնել ՀՀ հումանիտար առաքելության 
գործունեության համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից հուլիսի 18-ին կազմակերպվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ Դին Հասունի (Ahmad Badr Al Din Hasoun) գլխավորած պատվիրակության այցելությունը Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ Դին Հասունը խոսել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերի մասին՝ նշելով, որ հայերը եղել են և միշտ կմնան սիրիական հասարակության անբաժանելի մասը: Ահմադ Բադր ալ Դին Հասունն անդրադարձ է կատարել Սիրիայի մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում հայերի ունեցած մեծ ավանդին՝ շեշտելով այն հանգամանքը, որ Ցեղասպանությունից փրկված հայերը ոչ միայն փրկության ափ գտան Սիրիայում, այլև, որպես նշան մեծ երախտագիտության, ամբողջությամբ լծվեցին Սիրիայի շենացման և բարգավաճման գործին` բարեկամության կամուրջներ կառուցելով երկու եղբայրական երկրների` Սիրիայի և Հայաստանի միջև: 

ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ Սիրիայի Մեծ Մուֆթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին և ժողովրդին փոխանցել է սիրիական իշխանությունների երախտագիտությունն ու շնորհակալական խոսքը՝ միաժամանակ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքները թե՛ առողջապահության,  թե՛ հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հերթին նշել է, որ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Դամասկոսում և Հալեպում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատել են ամբողջ ծավալով` Սիրիայի ժողովրդի հետ հավասար կիսելով պատերազմի ողջ զրկանքներն ու դառնությունները: Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից մարդասիրական օգնություններ են ուղարկվել Սիրիայի բարեկամ ժողովրդին, ինչն, առաջին հերթին, դիտարկել է որպես բարոյական պարտքի դրսևորում:

Շնորհակալություն հայտնելով Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ Դին Հասունին կենտրոն այցելության, ինչպես նաև բարձր գնահատականի և վստահության համար՝ ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը նշել է, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել համասփյուռ հայ ժողովրդի կողմից, և խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայում բնակվող ժողովրդի հոգսերի մեղմացմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայությունների տրամադրմանը:

Պատվիրակության անդամներն այցելել են խմբի կեցավայր, շփվել հայ մասնագետների հետ և իրենց գոհունակությունը հայտնել մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]