Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սոցիալական շտապօգնություն. Հայաստանում ներդնում են նոր համակարգ

Սոցիալական շտապօգնություն. Հայաստանում ներդնում են նոր համակարգ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրվող սոցիալական շտապօգնության ինստիտուտը կամավորներին հնարավորություն կտա օգնել սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ է սոցիալական շտապօգնության ինստիտուտը, խոսեց դրա կարևորության և անհրաժեշտության մասին:

«Սոցիալական շտապօգնության համակարգի ստեղծման գաղափարը ծնվել է դեռ մի քանի տարի առաջ: Այժմ մենք փորձում ենք իրականություն դարձնել այն: Համակարգն ուղղված է նրան, որ մենք կարողանանք ավելի համակարգված ձևով հավաքագրել և արձագանքել սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց: Այս ծրագրին պետք է ներգրավենք տարբեր ՀԿ-ների, ակտիվ քաղաքացիների, պետական կառույցների, ինչպես նաև համայնքներին և մարզպետարաններին»,- նշեց Անդրեասյանը և հավելեց, որ այդ բոլոր կառույցների միջև ենթադրվում է սերտ համագործակցություն, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիների կարիքներն ամբողջությամբ, համակարգված բավարարել:

Նրա խոսքով՝  սոցիալական շտապօգնության հարթակ ստեղծելով՝ կմեկտեղվեն աջակցության կարիք ունեցողների տվյալներն ու նրանց աջակցելու հնարավորությունները:

«ՀՀ տարբեր մարզերում նախատեսվում է ստեղծել տարածքային կետեր, և այժմ մենք իրականացնում ենք դրանց քարտեզագրումը: Նպատակ ենք դրել առնվազն բոլոր խոշոր բնակավայրերում ունենալ այդ տարածքային կետերից, որոնք գործելու են իբրև ընդունիչ և բաշխիչ տարածքներ, որտեղ մարդիկ և կառույցները կարող են փոխանցել այն ամենը, ինչը որպես աջակցություն կտրամադրվի մյուսներին: Այդ ամենի կարիքն ունեցողներն էլ կարող են գալ և վերցնել տվյալ կետերից»,- ասաց Անդրեասյանը:

Այս պահին քննարկումներ են ընթանում տարածքային կետերի վերաբերյալ, քանի որ այնտեղ պետք է դրվի նաև որոշակի պայմանների բավարարման խնդիր, հատկապես, եթե խոսքը սննդամթերքի մասին է:

Նախարարությունն իր կայքում հասանելի կդարձնի տարածքային քարտեզը, որպեսզի մարդիկ իմանան, որ օրինակ, կարող են ցանկության դեպքում մոտենալ այդ կետին և հանձնել այն իրը, ինչ կցանկանան, կարիք ունեցողն էլ դա վերցնի:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ մարդիկ կարող են բնաիրային աջակցություն տրամադրել՝ մանկական սայլակից, տեխնիկայից սկսած մինչև, ասենք, հագուստ:

«Այստեղ մենք ցանկանում ենք երկու գաղափար ներդնել՝ աջակցություն նրանց, ովքեր ունեն դրա կարիքը և փոխօգնության տարրը: Ցանկանում ենք տարածել այս մշակույթը, որպեսզի մարդիկ իմանան, որ ցանկացած մեկի կարիքի մեջ լինելու դեպքում կարող ենք  աջակցություն տրամադրել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Սոցիալական շտապօգնության համակարգում գերատեսչությունը նախատեսում է նաև իրականացնել կամավորական աշխատանք, որտեղ ներգրավված կլինեն իրավաբաններ, հոգեբաններ:

«Այդ անձինք կամավորության սկզբունքով օրվա որոշակի ժամերին կարող են որոշակի ծավալով աջակցություն ցուցաբերել դրա կարիքն ունեցող մարդկանց: Այս ծառայությունները նույնպես սոցիալական շտապօգնության համակարգի մաս են կազմելու»,- ընդգծեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը և հավելեց, որ առաջիկայում տարածելու են կամավորների բանկի ստեղծման հայտարարություն, այսինքն՝ կհավաքվեն այն մարդկանց տվյալները, ովքեր ցանկություն կունենան միանալ համակարգին:

Ծրագիրը կազմված է լինելու երկու փուլից և առաջինում, որպեսզի աշխատանքը համակարգված լինի, այդ գործընթացը կիրականացնեն սոցիալական աջակցության տարածքային մարմինները: Երկրորդ փուլում նախատեսվում է գործարկել էլեկտրոնային համակարգ, որը շատ հեշտ օգտագործման գործիք կլինի ցանկացած մարդու համար:

Անդրեասյանը վստահ է, որ ծրագիրը հաջողված կլինի այն պարագայում, երբ համակարգը լինի ապակենտրոն:

«2019 թվականի սեպտեմբեր ամսին ընդառաջ նախատեսում ենք որոշակի ակցիաներ անցկացնել, որոնք թույլ կտան տարածել համակարգի գաղափարը և սկսել աջակցությունը դպրոցական երեխաներ ունեցող ընտանիքներից, ում դա պետք է»,- նշեց փոխնախարարը:

Ինստիտուտի ներդրման համար նախատեսվում է համագործակցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ինչպես նաև գործընթացում ներգրավել նաև ՀԿ-ներին: Համակարգի ներդրման համար քննարկում է եղել նաև Հայ առաքելական եկեղեցու հետ, որը նույնպես սոցիալական աջակցության ծառայության շատ մեծ բաղադրիչ ունի:

Անդրադառնալով ծրագրի համար նախատեսվող բյուջեին՝ Անդրեասյանը շեշտեց՝  քանի որ ամեն ինչ կամավորության հիմունքներով է, աջակցությունը փոխանցվելու է անվճար:

«Ռեսուրս ներդնելու կարիք տեսնում ենք միայն համակարգման աշխատանքներն իրականացնելու համար: Այդ ամենի համար նախատեսվում է հատկացնել տարեկան ամենաշատը 4.5 մլն ՀՀ դրամ, սակայն այդ գումարը պետության կողմից չի լինի, այլ կփորձենք դիմել որևէ ՀԿ-ի»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ նախատեսում են ունենալ մոտ 5-հոգիանոց անձնակազմ, որը կկարողանա իրականացնել այդ ամբողջ գործընթացի համակարգումը:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]