Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեկնարկեց գերմանական ծրագիրը. ներկայացվելու է հինգ կինոնկար


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրահայտ ռեժիսոր Վիմ Վենդերսի  «Պապ Ֆրանցիսկոս` խոսքի տեր մարդը» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ «Ոսկե  ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվեց «Ստեղծված է Գերմանիայում» ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի շրջանակում եվրոպական կինոյի սիրահարները կարող են դիտել հինգ բազմաժանր և բազմաբովանդակ ֆիլմ:

«Այս ֆիլմը Գերմանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրություն է, ինչն ապացուցում է, որ  Վենդերսն իսկապես լայն ճանաչում ունի աշխարհում»,- նշեց Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչ Կլաուս Վենդերբերգերը:

Նրա խոսքով` Ֆրանցիսկոս պապի մասին լավագույնս կարող է պատմել հենց ինքը` պապը, որն իրեն վերաբերվող հետաքրքիր բացահայտումներ է անում ժապավենում ընդգրկված երկխոսությունների միջոցով:

«Այս ֆիլմը սիրով ենք ցուցադրում մի երկրում, որը քրիստոնեական քաղաքակրթության, մշակույթի վրա է խարսխված, և հենց այդ հանգամանքն է միավորում  կաթոլիկ ու հայ առաքելական եկեղեցիները: Դրա  առհավատչյան էր  գրեթե երեք տարի առաջ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, որտեղ նրան մեծ խանդավառությամբ ընդունեցին»,- ընդգծեց դեսպանատան ներկայացուցիչը:

Վենդերբերգերը շեշտեց` գերմանական կողմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համագործակցում է երկար տարիներ ինչպես ֆիլմերի ցուցադրման, այնպես էլ կինոաշխարհի բարձրաստիճան ներկայացուցիչներին Հայաստանում հյուրընկալելու հարցում` փորձելով ֆիլմերով ներկայացնել Գերմանիայի ոչ միայն լուսավոր, այլև մութ կողմերը:

«Պապ Ֆրանցիսկոս` խոսքի տեր մարդը» ֆիլմում նա պատասխանում է աշխարհի տարբեր կետերում գտնվող  մարդկանց տարատեսակ հարցերին: Հարցերը վերաբերում են ներգաղթի խնդիրներին, սոցիալական անհավասարությանը, ընտանիքի և սեռական կողմնորոշման թեմային, կապիտալիզմին և հավատին: Ռեժիսոր Վիմ Վենդերսն ուղեկցում է Հռոմի պապին մի քանի  ճամփորդությունների ընթացքում, այդ թվում նաև՝ Երուսաղեմ և Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ