Հասարակական

Deep Purple խմբի Smoke on the Water երգի վերաթողարկումից հավաքված գումարները կուղղվեն Գյումրու երաժշտական դպրոցին

4 րոպեի ընթերցում

Deep Purple խմբի Smoke on the Water երգի վերաթողարկումից հավաքված գումարները կուղղվեն Գյումրու երաժշտական դպրոցին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Rock Aid Armenia բարեգործական նախագծի 30-ամյակի առթիվ նվիրված հանդիսավոր երեկոյին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել լեգենդար երաժիշտներ, Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը, Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ինչպես նաև նախագծի հիմնադիր Ջոն Դինը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Rock Aid Armenia նախագծին՝ Իէն Գիլանն ասաց, որ բավականին անձնական է իր համար այս նախագիծը:

«Ես նորից այստեղ եմ։ Այս ծրագիրը ինձ համար շատ անձնական փորձառություն է, քանզի երբ 1990-ականներին մարզահամերգային համալիրում համերգ էինք տալիս, այդ ժամանակ տեղեկացանք Սպիտակում ողբերգական երկրաշարժի մասին և մեծապես ազդվեցինք: Շատ ազդեցիկ նկարներ կային այդ ողբերգությունից` ցայտուն հիշում եմ մի պատկեր, որտեղ մի ծեր կին ձեռքին պահում էր իր ընտանիքի 28 անդամների լուսանկարը, որոնցից միայն ինքն էր կենդանի մնացել: Ես Սպիտակի քաղաքապետի հետ խոսեցի , ով պատմում էր, որ իր քաղաքում երաժշտությունը լռել էր` ոչ ռադիոյով, ոչ եկեղեցում, նույնիսկ թռչունները չէին ծլվլում»,- պատմում է Գիլանը:

Ըստ Գիլանի` իրենք որոշեցին, որ երաժշտությունը լավագույն միջոցը կլինի վերակենդանացնելու աղետի գոտին, և այդպես էլ եղավ: Լեգենդար վոկալիստը միացավ Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման աշխատաքներին և երաժշտությունը շատ լավ իր դերը կատարեց վերականգնման գործընթացում:

«Սա է պատճառը, թե ինչու եմ ներառված այս նախագծում, և ինձ համար դա մեծ պատիվ է»,- ասաց Գիլանը:

Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դինը Իէնին և Թոնիին շնորհակալություն հայտնեց և նշեց, որ երկու լեգենդները 30 տարվա ընթացքում շարունակում են օժանդակել ծրագրին և անձամբ գալիս են Հայաստան իրենց աչքերով տեսնելու, թե ինչով կարող են օգնել:

«Պետք է փաստենք, որ երկուսն էլ ջանք չխնայեցին Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման համար: Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակի կապակցությամբ երեկոյան միջոցառում է կազմակերպվելու, որի բոլոր տոմսերը արդեն իսկ վաճառվել են: Դա ցույց է տալիս, որքան կարևոր է այս ծրագիրը: Մյուս ամիս նոր կայքի մեկնարկը կազդարարենք, որտեղ կզետեղվեն մինչ օրս երբևէ չհրապարակված ձայներիզները և տեսահոլովակները: Աշխարհով մեկ Smoke on the Water երգը նորից կվերաթողարկվի և դրա եկամուտները կուղղորդվեն Գյումրիի՝ դպրոցին երաժշտական գործիքները համալրելու նպատակով: Նաև նոր ալբոմ ենք թողարկելու, որը ոչ թե ռոք երաժշտություն է պարունակելու, այլ հայկական երաժշտություն»,- ասաց Դինը:

Նա հայտնեց, որ Վահան Արծրունու և Հասմիկ Բաղդասարյանի հետ համատեղ թողարկվելու է ալբոմ` 5-րդ դարի հայ հոգևոր երաժշտության սկավառակ «Մաշտոց» անունով, իսկ սկավառակի ամբողջ հասույթը ևս փոխանցվելու է դպրոցի ֆոնդին:

«2013 թվականին, երբ Մատենադարան այցելելիս առաջին անգամ լսեցինք այդ երաժշտությունը, նպատակ դրեցինք անպայման պարզել, թե ում հեղինակած երաժշտությունն էր, որովհետև ամփոփում էր իր մեջ հայ լավագույն երաժշտությունը: Պետք է կոչ անեմ, երբ այն լույս տեսնի, աշխարհով մեկ բոլոր հայերը անպայման թող այդ սկավառակը ձեռք բերեն, քանի որ դրա ամբողջ հասույթը երաժշտական դպրոցի ֆոնդին է ուղղվելու, որպեսզի դպրոցը երաժշտական գործիքներ ձեռք բերի»,- եզրափակեց Դինը:

Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին նշեց, որ ընդամենը 10 տարի է, ինչ մասնակցում է այս ծրագրին և հենց այն ժամանակ է առաջին անգամ եկել Հայաստան:

«Անհամբեր ակնկալում եմ իմ աչքով այդ դպրոցը տեսնել: Շարունակելու ենք այս նախագծի առաջխաղացումը այնքան, որքան կարողանանք»,- ընդգծեց Այոմին:

Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դինը 30 տարի առաջ նախաձեռնեց այդ բարեգործական ծրագիրը` Սպիտակի երկրաշարժի տուժածներին աջակցելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում