Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանից  Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է. վիզայի չեղարկմամբ ակնկալվում է այցերի ակտիվացում

Չինաստանից  Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է. վիզայի 
չեղարկմամբ ակնկալվում է այցերի ակտիվացում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է: 2018 թվականին Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 59.9 տոկոսով 2017-ի համեմատ: Աճի դինամիկա առկա է նաև 2019 թվականի առաջին եռամսյակում: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Չինաստանից զբոսաշրջիկների թիվն աճել է 40 տոկոսով:  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Չինաստանը Հայաստանի համար թիրախային շուկա է:

«Այդ համատեքստում երկու երկրների միջև վիզայի չեղարկումը կարող է նոր թափ հաղորդել զբոսաշրջության զարգացմանը և Հայաստանի ու Չինաստանի միջև ոլորտում համագործակցությանը: Թվային մարկետինգի պլանավորման աշխատանքներում մեծ ուշադրություն ենք դարձնում հենց  Չինաստանին, որ այդ ուղղությամբ հատուկ թվային արշավներ ձևավորվեն: Օգտագործում ենք բոլոր հնարավորությունները և՛ թվային հարթակը, և՛ Հայաստանի մասին պատմող ֆիլմերի ցուցադրությունը, և՛ ցուցահանդեսները: Հայաստանը հենց այս օրերին մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից կազմակերպած մի ցուցահանդեսի, որը նվիրված է գինու զբոսաշրջությանը, գինու երթուղիներին: Հայկական արտադրանքը և զբոսաշրջային հնարավորությունները մեծ ուշադրության են արժանացել չինացի այցելուների շրջանում»,-ասաց Աննա Օհանյանը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը պատահական չի համարում Չինաստանը թիրախային շուկա համարելը: Նա նկատեց, որ արտագնա զբոսաշրջության ոլորտում զբոսաշրջիկների թվով աշխարհում առաջին երկիրը Չինաստանն է: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Չինաստանի հետ Հայաստանն արդեն ունի բավական պարզ վիզային ռեժիմ: Քաղաքացիները կարող են վիզան ստանալ հենց սահմանին կամ առցանց: Ներկայում երկու երկրների միջև վիզայի չեղարկումը Մեխակ Ապրեսյանը համարում է մի նոր մակարդակ:

«Եվ կարևոր է այն, որ դա փոխադարձ է: Այսինքն՝ նույն պայմաններով Հայաստանի քաղաքացիները կարող են գնալ Չինաստան: Վերջին տարիներին Չինաստանի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը բարձրանում է, այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 40 տոկոսով աճել են Չինաստանից Հայաստան այցելությունները: Թեև թիվը շատ մեծ չէ, սակայն աճի տեմպերն ավելի խոստումնալից են: Մնում է ուղիղ չվերթներ լինեն»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

 Ի՞նչ անելիք ունեն պետական կառույցները, մասնավոր հատվածը: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ մի քանի տարի է Չինաստանի ուղղությամբ հետևողական աշխատանք տարվել է, ներկայում էլ այն ակտիվ փուլում է: Իհարկե, ըստ նրա, պետք է ավելի նպատակային, արդյունավետ մարկետինգային քաղաքականություն իրականացնել, և ամենակարևորը՝ ամեն ինչ անել, որ ուղիղ չվերթներ բացվեն:

«Ակտիվ պետք է լինի մասնավոր հատվածը՝ ներկայացնելով ոչ միայն Հայաստանի հետ կապված, այլև տարածաշրջանային տուրիստական փաթեթներ մի քանի ուղղություններով՝ Հայաստան, Վրաստան, Իրան»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Չինացի զբոսաշրջիկները հետաքրքրված են հենց տարածաշրջանային տուրիստական փաթեթով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «ՏԱԹԵՎ-Տ.Տ.Տ.» տուրիստական ընկերության փոխտնօրեն Սևակ Դավուդյանը: Ընկերությունը Չինաստանից եկած զբոսաշրջիկների հետ ակտիվորեն սկսել է աշխատել նախորդ տարվանից:  

«Չինաստանից հիմնականում գալիս են խմբերով՝ ընտրելով տարածաշրջանային փաթեթներ, որոնց մեջ մտնում է նաև Հայաստանը: Այստեղ սովորաբար մնում են երկու կամ երեք օր: Հիմնականում նախընտրում են պատմամշակութային վայրեր՝ Գառնի, Գեղարդ, Սևան, Էջմիածին, Խոր Վիրապ, Դիլիջան, Հաղպատ և այլն: Ծրագիրը կախված է Հայաստանում մնալու օրերի քանակից»,-ասաց Սևակ Դավուդյանը:

Նա նշեց, որ Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների աճ նկատվում է: Եթե տարիներ առաջ հատ ու կենտ մարդիկ էին գալիս, ապա հիմա ակտիվությունն ակնհայտ է:

«Հիմա վիզային ռեժիմը վերացվում է, ինչը շատ կարևոր է: Դա կնպաստի զբոսաշրջային այցերի ակտիվացմանը ոչ միայն խմբերով, կգան նաև անհատներ: Եվ դա կարող են կազմակերպել առանց օնլայն գրանցումների ու ինչ-որ բաներ լրացնելու»,-ասաց Սևակ Դավուդյանը: Նա տեղեկացրեց, որ Չինաստանի տուրիստականների հետ են ակտիվ աշխատում՝ նրանց ներկայացուցիչներին բերելով Հայաստան, ներկայացնելով տուրիստական հնարավորությունները, տեսարժան վայրերը:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի՝ Երևանում մայիսի 26-ին կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության  և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնց թվում է «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը:

Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից դրա վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. մինչ այդ կգործի վիզաների առկա համակարգը։

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]