Հայաստանը ԵԱՏՄ տարածքում ունի արտահանման դեռ չօգտագործված մեծ հնարավորություններ
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ԵԱՏՄ տարածքներում ունի արտահանման չօգտագործված հնարավորություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` անդրադառնալով երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքեր բարձրացնելու վերաբերյալ հարցին:
«ԵԱՏՄ անդամակցությամբ մենք բազմաթիվ ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացման համար վերցրել էինք անցումային ժամանակահատված, և դրանք մի օր ավարտվելու են: Եվ տնտեսությունը դա պետք է հաշվի առնի ու վերադասավորվի: Կարծում ենք, որ արտահանումը ամենաառաջին հարցերից մեկն է: Եվ մենք ունենք արտահանման չօգտագործված շատ մեծ հնարավորություն հենց ԵԱՏՄ-ի տարածքներում: Դրա օգուտն այն է, որ Հայաստանն այդ տարածքի երկրներ ապրանքներ է արտահանում առանց մաքսատուրքերի կիրառության: Այսինքն մենք պետք է օգտագործենք ինտեգրման եղած հնարավորությունները: Սա չափազանց կարևոր հարց է»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ Հայաստանի տնտեսությունը մի կողմից կտուժի , որովհետև կունենանք որոշակի բարձր դրույքաչափերով ներկրվող ապրանքներ: Սակայն Խաչատրյանը նկատեց, որ պետք է խոսել նաև այն մասին, որ Հայաստանի տնտեսությունն ունի բազմաթիվ չօգտագործված հնարավորությունները հենց եվրասիական տնտեսական տարածքում: Այդպիսի հնարավորություններ են ստեղծվում նաև այն ազատ առևտրի համաձայնագրերի կիրառության արդյունքում, որոնք բանակցվում և ստորագրվում են: «Օրինակ՝ ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի հետ ժամանակավոր առևտրի համաձայնագրով ապրանքների արտահանման դրույքաչափերն են նվազեցվել: Օրինակ միսը Իրանի շուկա արտահանելու համար կա բարձր դրույքաչափ, բայց դա այդ համաձայնագրով իջեցվում է: Հետագայում պետք է կարողանանք ապրանքները դեպի Իրան արտահանել առանց որևէ մաքսատուրքի դրույքաչափ կիրառելու»,-ասաց նախարարն ու նշեց, որ նույն կերպ կարող է լինել նաև այլ երկրների հետ, որտեղ ԵԱՏՄ-ի միասնական ուժն առևտրի նպաստավոր պայմանների հասնելու համար ավելի մեծ է, քան կունենար Հայաստանը, եթե առանձին բանակցեր այդ տնտեսություններից որևէ մեկի հետ:
Նախարարը նշեց, որ երրորդ երկրներից ներմուծման դեպքում տուրքի դրույքաչափերի բարձրացումը, որը կկիրառվի անցումային ժամանակն ավարտելուց հետո, որոշակիորեն ազդելու է սպառողական ապրանքների գների վրա և Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի վրա, բայց դրանք նաև տնտեսական հնարավորություններ են, որոնք Հայաստանի քաղաքացիներին ավելի շատ արտադրելու, ավելի շատ վաճառելու, բարձր եկամուտների ունենալու հնարավորություն են տալու:
ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում 5-7 տարվա կտրվածքով պետք է բարձրանային որոշակի մաքսատուրքեր` մոտ ինը հարյուր ապրանքատեսակների համար: Սակայն դրա համար տրվել էր անցումային ժամանակաշրջան: Դրանք պետք է աստիճանաբար հասնեին ԵԱՏՄ միասնական դրույքաչափերին: Արդեն որոշակի ապրանքների մասով բարձրացումներ եղել են, 2019-ին դրանք շարունակվելու են:Այստարի մոտ հինգ հարյուր ապրանքատեսակների մասով կա մաքսատուրքերի բարձրացում` ընդ որում Հայաստանի համար զգայուն ապրանքատեսակների համար: