Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցելությամբ Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-ին հանդիպում ունեցավ Եթովպիայի նորարարության և տեխնոլոգիայի նախարար Գետահուն Մեկուրիայի և նախարարության ներկայացուցիչների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը և Գետահուն Մեկուրիան մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկրաների շուրջ:

«Մենք Եթովպիա ենք եկել շատ հստակ օրակարգով՝ ընդլայնելու, ամրապնդելու մեր երկու ազգերի միջև հարաբերությունները, որոնք շատ լավ են ճանաչում միմյանց և ունեն շատ ամուր պատմական կապեր: Եվ մենք հավատացած ենք, որ այս խորն արմատներ ունեցող բարեկամության հիման վրա կարող ենք կառուցել շատ ամուր հարաբերություններ երկու պետություների, երկու ժողովուրդների միջև: Դուք նշեցիք բարձր տեխնոլոգիաները որպես տնտեսական զարգացման հիմնական և կարևոր խթան. մենք նույնպես լիովին կիսում ենք այդ տեսլականը մեր երկրի զարգացման օրակարգում և հավատացած ենք, որ ներկայումս խելացի զարգացումը ամուր և կայուն զարգացման հիմքն է»,-նշեց նախարար Մնացականյանը:

Զրուցակիցներն անդրադարձան ստեղծագործ կրթության և թվային օրակարգի շրջանակներում Հայաստանում կիրառվող փորձին և արձանագրված հաջողություններին՝ ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի և Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի (ANEL)՝ շեշտելով այդ ոլորտներում փորձի փոխանակման համար համատեղ ծրագրերի նախաձեռնման անհրաժեշտությունը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը հնարավորություն է ընձեռում առարկայական մտքերի փոխանակում իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և էլեկտրոնային կառավարման ոլորտներում եթովպական ընկերությունների հետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ հույս հայտնելով, որ եթովպական կողմը կդիտարկի այդ միջոցառմանը մասնակցելու հնարավորությունը:

Այնուհետև ոլորտային զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների միության ներկայացուցիչ և «Իստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը և «IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանը:

Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության ներկայացուցիչը հայտնեց, որ միության վերջին հինգ տարիների ընթացքում այն մի քանի փոխադարձ այց էր կազմակերպել երկու երկրների միջև՝ կրթական, գիտական և պաշտպանական ուղղություններով համագործակցության նպատակով: Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել Եթովպիայի ՏՏ նախարարության հետ՝ Եթովպիայի հիսուն դպրոցներում Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների տեղադրման ուղղությամբ: Այդ ծրագրի առնչությամբ Եթովպիայի ՏՏ նախարարը վստահություն հայտնեց, որ գալիք սերնդին անմասն չի թողնի քսանմեկերորդ դարի գիտատեխնիկական առաջընթացից: 

«IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանն իր խոսքում ներկայացրեց Եթովպիայի հետ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները՝ մատնանշելով այդ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները և թափանցիկությունը: Լևոն Բաբայանը ներկայացրեց նաև նաև «IUnetworks» ընկերության լուծումները էլեկտրոնային կառավարման ոլորտում և Հայաստանում դրանք կիրառելու փորձը:

Հանդիպման շրջանակներում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հուշագիր ստորագրեց Ադիս-Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ: Հուշագիրը նախատեսում է երկու երկրներում համատեղ կրթական, հետազոտական եւ ակադեմիական ծրագրերի անցկացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկրների խաչաձև համագործակցություն, համատեղ նախագծերի իրականացում, այդ թվում` Ադիս Աբեբայի համալսարանում Ազգային ինժեներական լաբորատորիաների մոդելի (ANEL) ներդրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]