Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում բացվել է Անգլիայում առաջին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը

Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում բացվել է Անգլիայում առաջին, Հայոց 
ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում՝ Քենթերբերի քաղաքում մարտի 2-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Բրիտանահայ համայնքի նախաձեռնությամբ անգլիական գլխավոր եկեղեցու՝ Քրիստոսի մետրոպոլիտ տաճարի Հիշատակի այգում տեղադրված խաչքարն օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Միջոցառմանը մասնակցեցին ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, Քենթերբերիի դեկան Ռոբերտ Ուիլիսը, հասարակական և մշակութային գործիչներ, բրիտանահայ համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչներ:

Օծման արարողությանը հաջորդած ընդունելության ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում Քենթերբերիի դեկան Ռոբերտ Ուիլիսը կարևորեց Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում, ինչպես նաև Անգլիայի տարածքում առաջին հայկական խաչքարի տեղադրումը՝ նկատելով, որ այն հանդիսանում է խաղաղության, հաշտեցման և հույսի խորհրդանիշ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրոկոսյանը՝ նշելով, որ հայկական միջնադարյան մշակույթը խորհրդանշող խաչքարն այսուհետ դառնալու է Քենթերբերիի ավելի քան 1400-ամյա հարուստ պատմության մասնիկը: Դեսպանն ընդգծեց, որ խաչքարը նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արման Կիրակոսյանը երախտագիտությամբ հիշատակեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռենդլ Դեվիդսոնին, ում ջանքերի շնորհիվ հավաքագրվել ու հրապարակվել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բրիտանական նյութերը, ինչպես նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի Առաջին հանրապետությանը: Ըստ դեսպան Կիրակոսյանի՝ Հայոց ցեղասպանությունը ժամանակին համարժեք կերպով չի ճանաչվել ու դատապարտվել, ինչը ճանապարհ բացեց ապագա բռնապետերի և մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործման համար, ինչպիսիք էին Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունները: «Այս առումով «Այլևս երբեք» կարգախոսը մարտահրավեր է ազգերին և մեզ բոլորիս, քանի որ դառը ճշմարտությունը կայանում է նրանում, որ շատ հաճախ աշխարհն ի զորու չի եղել կանխել անմեղ մարդկանց համընդհանուր կոտորածները»,- նշեց դեսպանը: Նա ընդգծեց Հայաստանի հանձնառությունն ու վճռականությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված, ինչպես նաև մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին:

Միջոցառման մասնակիցները նաև հարգանքի տուրք մատուցեցին Քենթերբերիի Արքեպիսկոպոս Ռենդլ Դեվիդսոնին՝ ծաղկեպսակ զետեղելով նրա շիրիմին:

Ջոն Միրդոնի և Վարդան Մոսկոֆյանի կողմից պատրաստված և Քենթերբերիի տաճարի Հիշատակի այգում տեղադրված խաչքարն առաջին հայկական խաչքարն է Անգլիայի տարածքում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am