Հասարակական

Քաղաքապետի թեկնածուներից մեկի կողմնակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին. ոստիկանները բացատրական աշխատանքներ են տանում

2 րոպեի ընթերցում

Քաղաքապետի թեկնածուներից մեկի կողմնակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին. ոստիկանները բացատրական աշխատանքներ են տանում

ԳԱՎԱՌ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Գևորգ Սիմոնյանի կողմնակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին՝ պատճառաբանելով, թե Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խոչընդոտում են իրենց քարոզարշավը: Գևորգ Սիմոնյանի կողմնակիցները նշում են, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն արգելել է իրենց թեկնածուին քարոզարշավ անցկացնել Վարդենիսի բժշկական կենտրոնում, մինչդեռ Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, ով նույնպես առաջադրել է իր թեկնածությունը փետրվարի 17-ին կայանալիք ընտրություններում, այցելել է Վարդենիսի բժշկական կենտրոն և քարոզարշավ անցկացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը նշեց, որ Վարդենիս-Երևան մայրուղին փակ է արդեն 1.5 ժամ: Նա պարզաբանեց, որ Գեղարքունիքի մարզպետը բոլոր թեկնածուներին արգելել է բուժհիմնարկներում քարոզարշավ իրականացնել, իսկ ինքը Վարդենիսի բժշկական կենտրոն գնացել է ոչ թե քարոզարշավ իրականացնելու, այլ աշխատանքային քննարկման համար: «Վարդենիս-Երևան մայրուղին շարունակում է փակ մնալ, տեղում են ոստիկանության աշխատակիցները, ովքեր համապատասխան բացատրական աշխատանքներ են տանում ակցիայի մասնակիցների հետ»,- ասաց Մելքոնյանը:

Վարդենիսում համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 17-ին: Համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են անկուսակցական Գրիշա Աղաջանյանը, անկուսակցական Արսեն Ամիրխանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահան Զարոյանը, անկուսակցական Արկադի Խաչատրյանը, անկուսակցական Արամ Մելքոնյանը, ով այս պահին Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, անկուսակցական Կարեն Մկրտչյանը, անկուսակցական Գարսևան Սաղաթելյանը, անկուսակցական Գևորգ Սիմոնյանը: Գրանցված բոլոր թեկնածուները ինքնաառաջադրվել են:

Լուսանկարը՝www.shantnews.am-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում