Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Տնտեսագետ-պատգամավորն առաջարկում է համահարթ եկամտահարկին զուգահեռ պահպանել սոցիալական արդարության սկզբունքը

Տնտեսագետ-պատգամավորն առաջարկում է համահարթ եկամտահարկին զուգահեռ 
պահպանել սոցիալական արդարության սկզբունքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է այս տարվա սեպտեմբերից եկամտահարկը աշխատավարձի բոլոր չափերի համար հաշվարկել 23 տոկոս դրույքաչափով: Այնուհետև 2020թ. հունվարից սկսած ՝մինչև 2023թ. այն աստիճանաբար կնվազի` հասնելով 20 տոկոսի: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը կարծում է, որ համահարթեցումը կկրճատի ստվերը, սակայն նաև որոշակի առումով կստեղծի սոցիալական անհավասարություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ-պատգամավորը ներկայացրեց տարբերակ, որով եկամտահարկի համահարթեցմանը զուգահեռ կարող է լուծվել սոցիալական անհավասարության խնդիրը:

«Համահարթ, թե պրոգրեսիվ. այդ բանավեճը միշտ եղել է: Տարբեր տնտեսագետներ կարող են անվերջ վիճել այդ հարցի շուրջ: Կառավարությունը, առաջարկելով համահարթ ռեժիմ, ցանկացել է լուծել մի խնդիր, որը առաջ է գալիս մեզ մոտ շահութահարկի և եկամտահարկի դրույքների մեծ տարբերությունից: Դա բերում է նրան, որ գործատուները շահագրգռված են լինում թաքցնելու աշխատողների իրական աշխատավարձը: Եվ այս փոփոխությամբ նպատակ կա որոշակի առումով կրճատել ստվերը: Իհարկե, համահարթեցումը բերում է նաև սոցիալական որոշակի անարդարության զգացման: Քիչ աշխատավարձ ստացողների համար հարկային բեռը չի փոխվում, սակայն շատ ստացողների համար այն նվազում է: Ստացվում է, որ պետությունը լավություն է անում շատ ստացողներին»,-ասաց տնտեսագետն ու նշեց` խորհրդարանի գործընկերների հետ լրացուցիչ տարբերակ են մտածում, որ եկամտահարկը լինի համահարթ, բայց սոցիալական արդարության սկզբունքը որոշակիորեն պահպանվի:

Նա նշեց` հնարավոր է լինի համարթ եկամտային հարկ և դրա հետ միաժամանակ լինի չհարկվող որոշակի շեմ: Դա արդեն կապահովի պրոգրեսիվությունը: «Հիմա մենք փորձում ենք հասկանալ դրա ազդեցությունը, բյուջեի վրա դրա ծախսը: Ցանկացած փոփոխություն բերում է  բյուջեի եկամուտների կամ ավելացման, կամ կորստի: Այդ տարբերակը կորստի է բերում»,-ասաց Թունյանն ու նկատեց` չի կարելի ֆինանսական կայունությունը ռիսկի տակ դնել, և իրենք դեռ պետք է հասկանան, թե այդ տարբերակի վնասն ու օգուտը որքան են լինելու:

Հարկային օրենսգքի փոփոխությունների նախագծի մեկ այլ դրույթ ևս հանրային մեծ ուշադրության է արժանացել: Առաջակվում է իրավաբանական ծառայությունները շրջանառության հարկի փոխարեն հարկել ավելացված արժեքի հարկով: Նախագիծը հանրային քննարկման դնելուց հետո շատ իրավաբաններ այս առիթով իրենց դժգոհությունն են հայտնել:

Տնտեսագետը ևս խորհրդատվական, իրավաբանական ծառայությունները ավելացված արժեքի հարկ տեղափոխելը հասկանալի չի համարում: «Հնչող հիմնավորումներն ինձ համար այնքան էլ համոզիչ չեն, և բողոքը, որ այսօր կա, հասկանալի եմ համարում: Կարծում եմ, որ այս առումով կոնսենսուսային լուծում կգտնվի»,-նշեց նա ու հավելեց` ընդհանուր հարկային օրենսգրքի աշխատանքի մեխանիզմի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան:

Թունյանը նշեց` այնուամենայնիվ, ներկայացված նախագիծը դեռ վերջնական տեսքով չէ: Նա նկատեց` մինչ նախագծի վերջնական տարբերակը հասնի Ազգային ժողով, շատ դրույթներ կարող են փոխված լինել:

Նա նաև նկատեց` Հարկային օրենսգրքում դժվար է գտնել մի դրույթ, որը բոլորի համար կարող է ընդունելի լինել: Միշտ ցանկացած որոշում կամ օրենք կարող է ունենալ կողմ և դեմ կարծիքներ: Չեն կարող բոլորի շահերը բավարարված լինել: «Սակայն կառավարությունն ունի այնքան մանդատ ու լեգիտիմություն, որ կարող է անգամ ոչ պոպուլյար որոշման գնալ, եթե գտնի, որ տնտեսության զարգացման տեսանկյունից այդ որոշումն ավելի նպատակահարմար է»,-եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկման Է ներկայացրել այս տարվա հունվարի 23-ից:

Աննա Գրիգորյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ