Տնտեսություն

Հայաստանը մշակում է 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման բնագավառում նոր ռազմավարություն

2 րոպեի ընթերցում

 Հայաստանը մշակում է 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման բնագավառում նոր ռազմավարություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը փետրվարի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով տնօրեն Մատեո Փեթրոնիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում ՎԶԵԲ-ի կողմից ներկայացվել են բանկի 2019թ. ռազմավարության առաջնահերթությունները: Նշվել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմամբ, որոնց իրականացումը կնպաստի տնտեսության զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրին և կատարվելիք ներդրումներին, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում իրականացվող ծրագրերին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ հաջող համագործակցությանը: Մատեո Փեթրոնին նշել է, որ բանկը պատրաստակամ է աջակցելու էներգետիկայի բնագավառի զարգացման ծրագրերին ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում։

Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը նշել է, որ մշակվում է Հայաստանի Հանրապետության 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման բնագավառում նոր ռազմավարություն, որում տեղ կգտնեն համակարգային զարգացման բոլոր ուղղությունները, և այս առումով համագործակցության նոր փուլ սկսելու հնարավորություն կստեղծվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում