Հասարակական

Հակակոռուպցիոն միջոցառումների տասնօրյակ մանկապարտեզներում

3 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն միջոցառումների տասնօրյակ մանկապարտեզներում

ԳԱՎԱՌ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի երրորդ տասնօրյակում Սեւան համայնքի մանկապարտեզներում տեղի են ունենում հակակոռուպցիոն բնույթի միջոցառումներ, պարապմունքներ, որոնց առանցքում ազնվության, բարեկրթության, մարդկային հարաբերությունների ճիշտ կառուցման, բարոյական նորմերի պահպանման, ճշմարտախոսության հատկանիշներն ու գաղափարներն են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը,հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի մի շարք որոշումներ, դաստիարակներն իրենց աշխատանքները կազմակերպում են երեխաների տարիքային խմբերին համապատասխան` հաշվի առնելով այն իրողությունը, որ հակակոռուպցիոն պայքարում արմատական հաջողությունների հասնելու համար մարդու մտածելակերպի ու արժեքների մեջ դրանք հարկավոր է սերմանել նախադպրոցական հասակից:

«Համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում հայտարարված հակակոռուպցիոն միջոցառումների տասնօրյակը լավագույն հնարավորություն է կազմակերպելու ոլորտային բազմապիսի միջոցառումներ: Թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզի ավագ խմբերում կազմակերպվել է Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն», «Ծիտը», «Պոչատ աղվեսը», «Չարի վերջը» հեքիաթների ընթերցում, վերապատմում, նույն հեքիաթների մոտիվներով անցկացվում է նկարչության պարապմունք, միջին եւ կրտսեր խմբերում տեղի են ունենում սյուժետա-դերային խաղեր եւ խաղ-բեմականացումներ: Թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզի ավագ խմբում մայրենի լեզվի պարապմունքի ընթացքում բեմականացվել է Հովհ. Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթը, միջին խմբում դասականի «Շունն ու կատուն» հեքիաթի միջոցով վեր են հանվել կյանքի մի շարք բացասական երեւույթներ: Մանկապարտեզի նախասրահում առկա է «Ո՛չ կոռուպցիային» բովանդակությամբ կոմպոզիցիա: Գագարինի մսուր-մանկապարտեզում անցկացվել են զրույցներ «Իմ ընտանիքը», «Մենք լավ ընկերներ ենք», «Բժիշկ-բժիշկ» թեմաներով, կատարվել են հեքիաթների նկարազարդումներ, նկարչական աշխատանքների ցուցադրություններ: Սեւանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի միջին խմբում դաստիարակչուհի Լուսինե Մարտիրոսյանի կողմից անցկացվող խոսքի զարգացման բաց պարապմունքի թեման նպատակ ուներ երեխաների մոտ ձեւավորել ազնվության, արդարության, գթասրտության վերաբերյալ պրակտիկ գիտելիքներ: Այս ամենը համեմված էր «ճիշտ եւ սխալ» խմբային աշխատանքով, դիմախաղով: «Հեքիաթ» մանկապարտեզում նախատեսված են նաեւ պարապմունքներ եւ զրույցներ այլ խմբերում, այլ ձեւաչափերով` հեքիաթների ներկայացումից մինչեւ նկարազարդումներ»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում