1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արտավազդ Խաչիկյան. նվիրյալ քաղաքացին ու բազմահմուտ գործիչը

Արտավազդ Խաչիկյան. նվիրյալ քաղաքացին ու բազմահմուտ գործիչը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր`օգոստոսի 17-ին, լրանում է Արտավազդ Խաչիկյանի ծննդյան 100-ամյակը։ Այս երկու հատիկ բառերն ավագ սերնդի մարդկանց ասում են ամեն ինչ։ Արտավազդ Խաչիկյանը հավասարապես ճանաչված էր թե որպես լրագրող, թե որպես հասարակական և պետական գործիչ, թե որպես մարզական գործի հմուտ կազմակերպիչ։

              Իր կյանքի զգալի մասը նա նվիրել է լրագրությանը։ Ժամանակին եղել է Հայաստանում ամենաընդունված և ամենաընթերցվող թերթերից մեկի՝ «Ավանգարդի» խմբագիրը, մեկուկես տասնամյակ ղեկավարել է այսօր իր 100-ամյակը նշել պատրաստվող «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, տարիներ շարունակ եղել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը։ Նրա օրոք Հայաստանի լրագրողները Երևանի հենց կենտրոնում ունեցան իրենց տունը։ 

               Ա. Խաչիկյանը մինչև «Ավանգարդ» գալը, բավականին փորձառություն էր ձեռք բերել մամուլի տարբեր օրգաններում աշխատելու ընթացքում։  19 տարեկանում սկսել է աշխատել «Խորհրդային դպրոց» թերթի խմբագրությունում որպես գործավար, ապա՝ էջկապ-թողարկիչ։ Իսկ մամուլի աշխարհ մուտք է գործել ավելի շուտ։ 1935 թվականին 17-ամյա պատանյակը երկու ծաղրանկար է տպագրել Նաիրի Զարյանի խմբագրած «Գրական սերունդ» ամսագրի առաջին համարում։ Դրանցում պատանի նկարիչը ծաղրում էր ինչ-որ հավակնոտ սկսնակ բանաստեղծի, ով դեռ ոչինչ չստեղծած, իրեն արդեն համեմատում է Պուշկինի հետ՝ անգամ չիմանալով, թե նա ինչ գործեր է ստեղծել։ Ինչպես վկայել է ինքը՝ Արտավազդ Խաչիկյանը, այդ երկու ծաղրանկարները չափազանց դուր են եկել Չարենցին, ով ցանկություն է հայտնել տեսնելու այդ շնորհալի պատանի հեղինակին։  Եղբորը՝ բանաստեղծ Սուրեն Վահունուն տեսնելու համար խմբագրություն այցելած պատանի Արտավազդին  Հրաչյա Քոչարն առաջարկում է հենց այդ պահին գնալ Չարենցի մոտ, բայց, ինչպես Խաչիկյանն է գրում իր գրքերից մեկում,  «…աշակերտական ամոթխածությունը թույլ չտվեց օգտվել այդ պատեհ առիթից։ Հետո շատ զղջացի դրա համար…»։

             Իր 20-ամյակը Խաչիկյանը նշում է արդեն Ախտայի (Հրազդան) շրջանային թերթի բաժնի վարիչի պաշտոնում։ Հաջորդ երկու տարիներին՝ 1939-40 թվականներին, նա Սևանի շրջանային թերթի պատասխանատու քարտուղարն էր։ Ժուռնալիստիկայից շատ թե քիչ հասկացողները գիտեն, թե ինչ կարևոր դերակատարում ունի թերթի հրատարակման, նրա արտաքին ձևավորման գործում պատասխանատու քարտուղարը։

               Տպագիր մամուլի գաղտնիքները յուրացնելուց հետո Արտավազդ Խաչիկյանը նվիրվում է ռադիոժուռնալիստիկային։ 1941-ին նա նշանակվում է Ժողկոմխորհին առընթեր Ռադիոկոմիտեի գրական աշխատող։ Որոշ ժամանակ անց նա արդեն «Վերջին լուրերի» խմբագրության պատասխանատու խմբագիրն էր։

             Հայրենական պատերազմը սկսվելուց մեկ տարի անց Խաչիկյանն անցնում է  կոմերիտական աշխատանքի։ Երկու տարի կոմերիտմիության Կենտկոմում աշխատելուց հետո ընտրվում է կոմերիտմիության Էջմիածնի շրջկոմի առաջին քարտուղար։ Պատերազմի տարիներին կուսակցության և կոմերիտմիության ջանքերն ուղղված էին մեր մարդկանց, հատկապես երիտասարդների շրջանում, հայրենասիրության գաղափարները սերմանելուն։ Հարենանվեր այդ գործում իրենց անուրանալի դերն ունեին  կոմերիտմիության շրջկոմները։

              Պատերազմի հաղթական ավարտից հետո վերաբացվեցին մի շարք թերթեր, որոնք պատերազմի ժամանակ դադարել էին լույս տեսնել։ Դրանց թվում էր նաև երիտասարդական «Ավանգարդ» թերթը։ Կոմերիտմիության Կենտկոմում հիշեցին, որ Էջմիածնի շրջկոմի առաջին քարտուղարը բավականին ժուռնալիստական փորձ ունի, և նրան երաշխավորեցին որպես «Ավանգարդ» թերթի պատասխանատու քարտուղար։ Որոշ ժամանակ անց նա նշանակվում է այդ թերթի խմբագիր։

            Ավանգարդյան տարիներից ուզում եմ հիշատակել «Ավանգարդի» շաբաթներ» միջոցառումներից մեկը, որոնց նախաձեռնողը թերթի պատասխանատու քարտուղար Արտավազդ Խաչիկյանն էր։ 1946 թվականին մի խումբ հայ գիտնականների և արվեստագետների շնորհվում է Ստալինյան մրցանակ։ Դափնեկիրների մեջ էին երգչուհի Հայկանուշ Դանիելյանը, բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, ռեժիսոր Արմեն Գուլակյանը, դիրիժոր Միքայել Թավրիզյանը, երգիչ Շարա Տալյանը։ Արտավազդ Խաչիկյանը որոշում է այդ նշանակալի իրադարձությունը նշել «Ավանգարդի» շաբաթի» շրջանակում… 1946 թվականի մայիսի 18-ին Երևանի «Լուսաշխի» տանը տեղի է ունենում այդ միջոցառումը։ Ինչպես վկայում է ինքը՝ Արտավազդ Խաչիկյանը, դահլիճը լեփ-լեցուն էր…

                 1952 թվականին Արտավազդ Խաչիկյանը մեկնում է Մոսկվա, որտեղ ավարտում է Կուսակցական բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Վերադառնալուց հետո Արտավազդ Խաչիկյանն առժամանակ հրաժեշտ է տալիս ժուռնալիստիկային, քանզի ընտրվում է կուսակցության Երևանի Սպանդարյանի շրջկոմի քարտուղար։

                Նա բնավորության մի նախանձելի գիծ ուներ։ Որտեղ էլ աշխատելիս լիներ, ինչ պաշտոն էլ զբաղեցներ, նա գործին ծառայում էր անմնացորդ նվիրումով, ձգտում է բարձրացնել հիմնարկի վարկանիշը, արդյունքում անպայման իր մնայուն հետքը թողնում նախկին աշխատավայրում։ Ընդամենն երկու տարի կուսշրջկոմի քարտուղար աշխատելուց հետո 1956 թվականին նշանակվում է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ։ Ինչպես նշեցինք, Արտավազդ Խաչիկյանը ցանկացած աշխատանք կատարում էր առանձնակի նվիրումով։ Այս նոր պաշտոնում էլ գործին լծվեց մեծ եռանդով, մանավանդ, որ մոտենում էին ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադան, Հայաստանի չորրորդ սպարտակիադան և, վերջապես,  Մելբուռնի 16-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Հենց այդ կարևորագույն մարզական միջոցառումներին Հայաստանի մարզիկների լավագույնս պատրաստվելուն էր միտված հանրապետության սպորտի նորանշանակ ղեկավարի ողջ գործունեությունը։ Արտավազդ Խաչիկյանը հասավ նրան, որ վերաբացել տվեց պատերազմի տարիներին փակված «Կարմիր սպորտ» մարզական թերթը՝ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» նոր անվանմամբ։ Արտավազդ Խաչիկյանը՝ որպես նախկին լրագրող, շատ լավ էր հասկանում տպագիր մամուլի դերը սպորտի զարգացան գործում։ Սպորտկոմիտեի նախագահի խանդավառությունը փոխանցվել էր Հայաստանի հավաքականների մարզիկներին։ Ինչպես ժողովուրդն է ասում ՝ ճտերն աշնանն են հաշվում։ Իսկ այդ տարվա «աշունը» չափազանց բարեբեր էր։ Հայաստանը տարբեր մարզաձևերից ունեցավ ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոններ։ Իսկ Վլադիմիր Ենգիբարյանը, Ալբերտ Ազարյանը, Իգոր Նովիկովը Մելբուռնից տուն վերադարձան օլիմպիական չեմպիոնների ոսկե մեդալներով։

                   Մելբուռնի օլիմպիադայում մեր մարզիկների հաջող ելույթից հետո սպորտկոմիտեի նախագահն արդեն մտածում էր օլիմպիական հերթափոխի  պատրաստման մասին։ Նրա նախաձեռնությամբ 1959 թվականին Երևանում հիմնադրվեց պատանի բռնցքամարտիկների դպրոցը։ Դժվար չէ կռահել, թե ում  վստահվեց  այդ դպրոցի ղեկավարությունը։ Իհարկե, օլիմպիական չեմպիոն  Վլադիմիր Ենգիբարյանին։ Նույն թվականին բացվեց պատանի հնգամարտիկների մասնագիտացված դպրոցը, որը կոչվեց մեկ այլ օլիմպիական չեմպիոնի՝ Իգոր Նովիկովի անվամբ։ Դրանից հետո Խաչիկյանը նախատեսում էր հիմնադրել նաև  պատանի մարմնամարզիկների դպրոցներ, այս անգամ Ալբերտ Ազարյանի և Հրանտ Շահինյանի համար։ 1964 և 1965 թվականներին այդպիսիք բացվեցին, բայց Խաչիկյանն արդեն սպորտի պատասխանատուն  չէր։ Նա կրկին վերադարձել էր լրագրության բնագավառ։ Բայց պատանի մարմնամարզիկների մասնագիտացված դպրոց հիմնելու գաղափարը, այնուամենայնիվ, նրան էր պատկանում։

                1963 թվականին Տիգրան Պետրոսյանը, դժվարին մենամարտում հաղթելով աշխարհահռչակ շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկին, առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Դժվար է գերագնահատել այն բարոյական աջակցությունը, որ ողջ հայությունը ցույց էր տալիս մեր հայրենակցին։ Եվ այդ աջակցության հիմնական կազմակերպիչն ու մասնակիցը Հայաստանի սպորտկոմիտեի նախագահ   Արտավազդ Խաչիկյանն էր։ Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո սպորտկոմիտեի նախագահը Տիգրան Պետրոսյանին հրավիրեց Հայաստան և նրա պատվին այնպիսի ընդունելություն կազմակերպեց, որը վայել էր իսկական արքաներին։ Տիգրան Պետրոսյանի այդ աննախադեպ հաղթանակը, անշուշտ, խթանեց շախմատի աննախադեպ զարգացումը Հայաստանում։

              Բա ֆուտբո՞լը։  Դեռ 1955 թվականից Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային թիմը դուրս էր եկել միջազգային ասպարեզ։ Ավելին, սեփական հարկի տակ միջազգային հանդիպումներ էր անցկացրել Հնդկաստանի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի,ԳԴՀ-ի թիմերի հետ։ Բայց արտերկրում երբեք չէր եղել։ Եվ ահա Արտավազդ Խաչիկյանի նախաձեռնությամբ Երևանի «Սպարտակը» 1957 թվականին իր առաջին արտասահմանյան մրցելույթներին մեկնեց Իրան, ապա եղավ Լիբանանում և Սիրիայում։ Երկրները պատահական չէին ընտրված։ Այնտեղ մենք հսկայական գաղթօջախներ ունեինք և հայրենակարոտ մարզիկների ու մարզասերների համար այդ հանդիպումները զուտ մարզական մրցումներ չէին, դրանք հայրենիքի կարոտն առնելու, հայրենիքի շունչը զգալու յուրօրինակ միջոց էին։ Այստեղ չենք անդրադառնա մրցելույթների արդյունքներին, դրանց մասին Արտավազդ Խաչիկյանը երկու գիրք է գրել։ Բայց մի հետաքրքիր հանդիպման մասին ուզում եմ հիշատակել։ Բեյրութում եղած օրերին Արտավազդ Խաչիկյանն առիթ է ունենում հանդիպելու Հայաստանի առաջին հանրապետություն վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի հետ։ (Հիշեցնենք, որ Սիմոն Վրացյանը եղել է Հայաստանի հեռագրական գործակալության առաջին տնօրենը)։ Այդ հանդիպումը կազմակերպողները չէին էլ կարող ենթադրել, որ հոկտեմբերյան մի առավոտ կողք-կողքի են նստելու «Հայհեռագործի» առաջին և այդ նույն գործակալության ապագա՝ տասնհինգերորդ տնօրենները։

              Սփյուռքում մի շարք հաղթական հանդիպումներ անցկացնելուց հետո մեր ֆուտբոլիստները վերադարձան տուն, իսկ Խաչիկյանը մտորումների մեջ ընկավ, նա մտածում էր Երևանի «Սպարտակին» նոր անուն տալու մասին… ԽՍՀՄ առաջնության նոր մրցաշրջանում Երևանի «Սպարտակն» այլևս կրում էր բիբլիական լեռան անունը՝ «Արարատ»։ Այո, հենց Արտավազդ Խաչիկյանն Էր, որ մեր սիրելի ֆուտբոլային թիմին տվեց աշխարհասփյուռ հայերի պաշտելի լեռան անունը։ Դա ոգևորեց ֆուտբոլիստներին, և նրանք նոր մրցաշրջանը սկսեցին նոր անվանը վայել ոճով։  Նոր մրցաշրջանի բացման կապակցությամբ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթը տպագրեց «Արարատ լեռան խրատը» վերնագրով ընկերական շարժ հետևյալ մակագրությամբ.

                 «ԱՐԱՐԱՏ ԼԵՌ.- Անունս վերցրել եք, տեսեք, չարատավորեք։

                 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ.- Լավ չլսեցի, ի՞նչ ասաց։

                 ԹԻՄԻ ԱՎԱԳ.- Ասաց, որ «Արարատ» անունը բարձր պահեք, ինչպես բարձր է ինքը՝ Արարատը»։

                  Ինչ վերաբերում է «Արարատի» ֆուտբոլիստներին, ապա նրանք երբեք չէին մոռանում Արարատ լեռան հորդորը, և թիմի անվանակոչման 10-ամյակը նշանավորեցին աննախադեպ հաղթանակներով։ 1973 թվականին նրանք նախ տիրացան ԽՍՀՄ բյուրեղապակյա գավաթին, ապա նաև շահեցին Խորհրդային Միության չեմպիոնի ոսկե մեդալները։

                   1963 թվականին Արտավազդ Խաչիկյանը նշանակվեց Հայաստանի հեռագրական գործակալության (ՀՀԳ) տնօրեն։ Նա այդ ստեղծագործական կազմակերպությունում աշխատեց ուղիղ 15 տարի։ Դրանք «Հայհեռագործի» աստեղային տարիներն էին։ Արտավազդ Խաչիկյանն աղյուս առ աղյուս դնում էր այն շենքի պատին, որը վեր էր խոյանալու որպես մի հսկա կառույց՝ «Արմենպրես» անվանմամբ։ Նրա յուրաքանչյուր քայլ միտված էր իր ղեկավարած գործակալության հեղինակության բարձրացմանը։ Եվ նա հասավ դրան։ Դրանում իրենց տնօրենին զորակցում էին գործակալության բոլոր աշխատողները, առաջին հերթին թղթակիցներն ու խմբագիրները։

                Այդ տարիների մասին կարելի է երկար խոսել, բայց ես կանդրադառնամ  սոսկ մի քանի կարևոր դրվագների։ Նախ՝ շատ շուտով ՀՀԳ-ն դարձավ խորհրդահայ ժուռնալիստիկայի առաջատարը։ Միայն նրա թղթակիցներին էր վերապահված պաշտոնական լրատվության թողարկումը։ 1967 թվականին իրականացավ մի բան, որը կարծես հեքիաթ լիներ։ Այդ տարվա նոյեմբեր ամսին «Հայհեռագործը» սփյուռքահայ թերթերին սկսեց մայրենի լեզվով նյութեր հաղորդել։ Դա աննախադեպ երևույթ էր խորհրդային ժուռնալիստիկայում։ ՀՀԳ-ի տնօրեն Արտավազդ Խաչիկյանը համոզել էր ՏԱՍՍ-ի ղեկավարությանը և նրանց միջոցով նաև ԽՄԿԿ Կենտկոմին, որ վատ չէր լինի, որ ՏԱՍՍ-ի՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և արաբերեն թողարկվող նյութերը թողարկվեն ևս մեկ լեզվով՝ հայերենով։ Ի զարմանս բոլորի ու նաև հուրախություն ողջ սփյուռքահայության, այդ առաջարկությունը ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյում հավանության արժանացավ։ Եվ մենք՝ առաջինը խորհրդային ժողովուրդներից, սկսեցինք մեր տարագիր եղբայրներին ու քույրերին մայրենի լեզվով նյութեր հաղորդել։ Իսկ դրա համար հարկ եղավ հայատառ հեռատիպ մեքենաներ տեղադրել ՏԱՍՍ-ի՝ Բեյրութի, ապա նաև Նյու-Յորքի ու Փարիզի  բաժանմունքներում։ Դրանից անմիջապես հետո Արտավազդ Խաչիկյանի առաջարկությամբ անվանափոխվեց նաև Հայաստանի հեռագրական գործակալությունը։ Նրան տրվեց ավելի բարեհունչ անվանում՝ «Արմենպրես»։

               Արտավազդ Խաչիկյանը տասը տարուց ավելի գլխավորել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առողջապահության, սոցիալական ապահովության, ֆիզկուլտուրայի և սպորտի մշտական հանձնաժողովը։ Նա ընտրվել է նաև Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամության թեկնածու։ Տասը տարուց ավելի «Արմենպրեսի» տնօրենը գլխավորել է Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ միաժամանակ լինելով նաև ԽՍՀՄ ժուռնալիստների միության քարտուղար։ ԽՍՀՄ-Իրան բարեկամության և մշակութային կապերի ընկերության փոխնախագահն էր։  Այս ամենը վկայում է այն մեծ հեղինակության մասին, որ վայելում էին այսօր արդեն 100-ամյա «Արմենպրեսը» և նրա տնօրեն Արտավազդ Խաչիկյանը։

             1978-ին Արտավազդ Խաչիկյանը նշանակվում է կառավարությանն առընթեր արտասահմանյան տուրիզմի՝ «Ինտուրիստի», վարչության պետ։

             1981 թվականին, անցնելով կենսաթոշակի, նա շարունակում է աշխատել Հայաստանի հեռուստառադիոպետկոմում որպես բաժնի վարիչ։ 1990-ին հիմնադրում է «Հույս» հրատարակչությունն ու «Կին և տղամարդ» բուժլուսավորչական շաբաթաթերթը։

             Արտավազդ Խաչիկյանը պարգևատրվել էր «Ժողովուրդների բարեկամություն», «Պատվո նշան» (երկու) շքանշաններով, բազմաթիվ մեդալներով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերով։

              1968 թվականին նա առաջիններից մեկն արժանանում է նոր սահմանված «Հայկական ԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչմանը։

               Ահա այսքանը մի մարդու մասին, որին անվերապահորեն կարելի է դասել  Հայաստանի նվիրյալ քաղաքացիների շարքը։

                                                                                                                                 Լևոն Ազրոյան

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]