ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է կուսակցության կողմից տարածած հաղորդագրության մեջ:
«Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է»,- նշվում է հայտարարության մեջ։
ՀՀԿ-ն ստեղծված իրավիճակը համարել է սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ «Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը։
Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ այս մասին հայտարարություն էր տարածել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը: