Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պորտուգալիա-ՀՀ բարեկամության միության նախագահը խոսել է Հայաստանում պորտուգալերենի դասավանդման հնարավորության մասին

Պորտուգալիա-ՀՀ բարեկամության միության նախագահը խոսել է Հայաստանում 
պորտուգալերենի դասավանդման հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայում վերջերս տեղի է ունեցել «Ցիստեռմուզիկա» Միջազգային Երաժշտական փառատոնը (որը տեղի է ունենում արդեն 27-րդ անգամ անընդմեջ), որի շրջանակում Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության կողմից հիմնադրված «Կոնսոնանսիա» լարային նվագախումբը 2 համերգով է հանդես եկել և բարձր գնահատականների արժանացել։ Ինչպես տեղեկացանք Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանից, միությունը շարունակելու է նախաձեռնել զանազան միջոցառումներ։

Վահե Մխիթարյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին։

- Դուք Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության ղեկավարն եք, ինչո՞վ է զբաղվում միությունը, ե՞րբ է հիմնադրվել։

Միությունը հիմնվել է 2016թ. գարնանը, հիմնական առաքելությունն է զարգացնել բարեկամական, մշակութային և համագործակցական կապեր երկու երկրների ժողովուրդների միջև: Միության ղեկավար մարմիններում ընդգրկված են ինչպես հայ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ պորտուգալացիներ: Սեպտեմբերի 26-ին Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համերգասրահում տեղի ունեցավ միության պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին նաև միության տեսլականը, հիմնական նպատակները, անդրանիկ ելույթն ունեցավ մեր կողմից ստեղծված և հայ ու պորտուգալացի երաժիշտներից բաղկացած «Կոնսոնասիա» լարային նվագախումբը: Փառատոնի ժամանակ, 900 տարվա ընթացքում առաջին անգամ, Ալկոբասա վանական համալիրում հնչեց հայկական մեղեդի։

- Ի՞նչն առաքելություն ունի միությունը և ինչ գործունեություն է ծավալում։

Միության առանցքային նպատակներն են բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և տարածել հայկական մշակույթը Պորտուգալիայում՝ կազմակերպելով զանազան մշակութային միջոցառումներ, համերգներ, սեմինարներ, հայոց լեզվի ուսման դասընթացներ, որոնք կնպաստեն Հայաստանի ճանաչելիության մեծացմանը, որպես հինավուրց պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր:

- Ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպել։

Ավեյրո քաղաքի Միջազգային համալսարանում սեմինար ենք կազմակերպել՝ նվիրված հայազգի փառահեղ մաթեմատիկոս և աստղագետ Անանիա Շիրակացուն:

Լիսաբոնի Համալսարանի Բանասիրական Ֆակուլտետում ներկայացում ենք պատրաստել՝ նվիրված հայոց լեզվին և այբուբենին, որի ավարտին նույնպես հանդես է եկել «Կոնսոնանսիա» նվագախումբը՝ ներկայացնելով հայ կոմպոզիտորների գործերը։

Լիսաբոնի Համալսարանի Բանասիրական Ֆակուլտետին ներկայացրել ենք «Հայոց Լեզու և Մշակույթ» կուրսը, որը որպես երկրորդ օտար լեզու, գալիք Սեպտեմբերից կառաջարկվի ուսանողներին: Նույն Ֆակուլտետում կառաջարկվի Հայոց Լեզու և Մշակույթ հետ-աշխատանքային կուրսը:

Միության այս նախաձեռնությունը հնարավոր եղավ իրականացնել նաև Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀԸԲՄ-ի Հայկական Վիրտուալ Քոլեջի հետ անմիջական համագործակցությամբ։

Բանակցություններ ենք սկսել պորտուգալերենը Հայաստանում դասավանդելու նպատակով։ Հնարավոր է, 2019-ի աշնանից դա սկսվի։    Կան մի քանի այլ նախաձեռնություններ, որոնք քննարկման ընթացքում են:

- Ի՞նչ արդյունքներ կարող ենք արձանագրել

Ինչ որ թվարկեցի, առաջին անգամ է նախաձեռնվում Պորտուգալիայում և, բնականաբար, մեծ բավարարություն է պարգևում մեզ բոլորիս, պորտուգալացի հասարակությանը, որը բավականին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այդ միջոցառումների ու Հայաստանի նկատմամբ:

- Որքանով է նպաստում միության գործունեությունը հայապահպանությանը, հայկական մշակույթի տարածմանը կամ հայրենադարձությանը։

Պորտուգալիայի հայ համայնքը Եվրոպայի ամենափոքրաթիվ համայնքներից է` շուրջ 80 հայաստանցիներ են այստեղ ապրում և մոտ 20-30 տարբեր երկրներից եկած հայազգիներ: Անշուշտ, միության կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներն այստեղ ապրող հայերը մեծ խանդավառությամբ են ընդունում և մասնակցում են սիրով: Այդ միջոցառումները մեզ՝ մանավանդ այստեղ ծնված սերնդին, օգնում են պահպանել մեր ազգությունը և կապը հայրենիքի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]