Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» առաջին տեղում է. փաստավավերագրական. հունիս, 2018

«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» առաջին տեղում է. 
փաստավավերագրական. հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:

Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով` երբեմն նաև անպատշաճ հումորով։

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Երրորդ տեղում է ամերիկացի նշանավոր փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական և գյուտարար Բենջամին Ֆրանկլինի «Ինքնակենսագրություն» գիրքը: Ինչպես և Ռուսոն իր «Խոստովանության» մեջ՝ Ֆրանկլինը նույնպես ստեղծում է բարոյախրատական էսսե, որի մեջ հաստատվում է լուսավորական դարի իդեալը:

Չորրորդ հորիզոնականում է Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Շեռլոկը» ստեղծագործությունը: Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի ընթերցողի դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով: 

Դեյլ Քառնեգիի «Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ» գիրքը հինգերորդն է: Քառնեգիի խորհուրդների շնորհիվ միլիոնավոր մարդիկ ազատվել են մանրուքների պատճառով անհանգստանալու սովորույթից: Նրանք հաղթահարել են իրենց վախը և վստահ առաջ են քայլում: Այս գրքում ներկայացված են գործնական խորհուրդներ՝ սեփական կյանքն ավելի երջանիկ ու անհոգ դարձնելու համար:

Դեյլ Քառնեգիի «Ինչպես ազդել մարդկանց վրա խոսքի միջոցով» գիրքը վեցերորդն է: Այս գիրքը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր առաջինը լինելու նպատակ ունեն: Քառնեգին յուրաքանչյուր էջում ցույց է տալիս, թե ինչպես է իր մեթոդաբանության միջոցով գրավել ու պահպանել մարդկանց ուշադրությունը:

Յոթերորդ հորիզոնականում  Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքն է: Ամերիկացի հռչակավոր հեղինակի գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար: 

Ութերորդ հորիզոնականում է Դեյլ Քառնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը, որը գործնական խորհուրդների և կյանքից վերցրած պատմությունների հավաքածու է։ Քառնեգին օգտվել է հաջողակ հռչակավոր մարդկանց ասույթներից և որպես օրինակ ներկայացրել իր աշակերտների, ընկերների, ծանոթների փորձը։ Գրքի նպատակն է կատարելագործել մարդկանց հոգեբանությունը և, ինչպես հեղինակն է ասում, օգնել մարդկանց լույս աշխարհ հանել, զարգացնել և առավելագույնս օգտվել մտավոր ու ֆիզիկական այն բոլոր կարողություններից, որոնց միայն չնչին մասն ենք օգտագործում:

Իններորդ հորիզոնականում Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքն է: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Տասներորդ տեղում Հրաչյա Մանուկյանի «Կամքի ուժինչպես ղեկավարել սովորությունները» գիրքն է: Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Ընթերցողը կբացահայտի, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը` նույնիսկ առանց գիտակցելու: Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ: Գրքում ընթերցողը կառնչվի ամենատարածված սովորությունների հետ` ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզի, թե ինչպես են դրանք ձևավորվում և, ամենակարևորը, ինչպես պետք է դրանք ղեկավարել:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր Մարկ Մենսոն «Թքած ունենալու նուրբ արվեստը» Newmag 388
2 +2 Սթիվեն Քովի «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները» Էդիթ Պրինտ 49
3 նոր Բենջամին Ֆրանկլին «Ինքնակենսագրություն»  հեղ.հրատ 42
4 -3

Դանիել Սմիթ

«Մտածել ինչպես Շեռլոկը»

Զանգակ 26
5 նոր Դեյլ Քառնեգի «Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ» Գիտանք 23
6 նոր

Դեյլ Քառնեգի

«Ինչպես ազդել մարդկանց վրա խոսքի միջոցով»

Գիտանք 21
7 նոր

Նապոլեոն Հիլ

«Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ 21
8 +1

Դեյլ Քառնեգի

«Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»

Գիտանք 18
9 -7

Վահագն Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ»

Էդիթ Պրինտ 17
10 նոր Հրաչյա Մանուկյան «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» հեղ.հրատ 17

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

*Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը:




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ