Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մշակույթի որոշ ոլորտներ պետք է հեռու լինեն կոմերցիայից. նախարար Մակունցի հարցազրույցը Օպերայի, կադրային փոփոխությունների, այլ հարցերի մասին

 Մշակույթի որոշ ոլորտներ պետք է հեռու լինեն կոմերցիայից. նախարար Մակունցի 
հարցազրույցը Օպերայի, կադրային փոփոխությունների, այլ հարցերի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մարզային կյանքն ակտիվացնելու, երիտասարդ գործիչներին աջակցելու ծրագրեր ունի: Իր ուշադրության ներքո է պահելու նաև ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունները, որոնց մասին վերջին տարիներին շատ է խոսվում: «Արմենպրես»-ը զրուցել է Լիլիթ Մակունցի հետ ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, պարզել, թե նորանշանակ նախարարն ինչ է անելու՝ իրեն վստահված ոլորտն առավել զարգացնելու համար:

Ոլորտային փոփոխություններ

Բազում գաղափարներ կան, որոնք կարելի է նախագծերի վերածել: Առաջին հերթին դրանք կապված են մարզերի հետ՝ մարզային մշակութային կյանքն ակտիվացնելուն են առնչվում: Նպատակ կա միջավայր փոխել այնտեղ, որպեսզի սահմանամերձ գյուղերից մարդիկ հնարավորություն ունենան առնվազն մարզկենտրոններում ինչ-որ մշակութային ծառայություններից օգտվել, ինքնադրսևորվել հենց այնտեղ:

Կան որոշակի հարցեր, որոնք արհեստականորեն բարդացնում են այս կամ այն ոլորտում գործունեություն ծավալելը: Առաջին հերթին օրենսդրական կարգավորումների խնդիր կա: Երկրորդը՝ որակական առումով փոփոխություններ, նոր մոտեցումներ մտցնելու անհրաժեշտություն կա: Կարծում եմ, մեր աշխատանքի ընթացքում նաև միջազգային փորձագետների կարծիքի, խորհրդատվության կարիք կլինի:

Խնդիրներից է նաև այն, որ շատ գործիչներ, մշակութային օջախներ անտեսված են եղել այս ընթացքում, դրանց պատշաճ ուշադրություն չի դարձվել: Այս ամենը տարբեր սուբյեկտիվ ու օբյեկտիվ հարցերի հետ է կապված:

Կինոյի և թատրոնի մասին օրենքներ

Փորձելու եմ ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս շուտ ունենանք օրենքները: Հասկանում ենք, որ կա նաև մարդկային գործոն, պետք է ընդհանուր համաձայնության, ընդհանուր հայտարարի գալ: Իմ կողմից կփորձեմ այնպես անել, որ նախագծերի քննարկումները լինեն կառուցողական դաշտում, և հնարավոր լինի արագ գալ ընդհանուր հայտարարի: Հասկանում եմ՝ հնարավոր է, որ որոշ մարդիկ այնքան էլ գոհ չլինեն վերջնական որոշումից, բայց եթե մեծամասնությանը դա բավարարելու է, գոնե այս փուլում ընդունելի է: Հետո օրենքը կարելի է վերամշակել, լրամշակել և ավելի կատարելագործել:

Բոլոր ոլորտներում կա որակական վերանայման խնդիր: Մենք պետք է հասկանանք` որքանով է արդյունավետ մեր աշխատանքը, արդյոք միայն ֆինանսական միջոցների սակավությո՞ւնն է, որ չի ապահովում մարդկանց հոսքը մշակութային օջախ՝ լինի թատրոն, կինո, գրադարան: Ի՞նչն է պատճառը:

Կադրային փոփոխություններ

Նախարարությունում կադրային փոփոխություններն ինչ-որ չափով սկսվել են: Իմ մոտեցումը կադրային հարցի հետ կապված հետևյալն է: Այն մարդիկ, ովքեր զբաղվում են պրոֆեսիոնալ գործունեությամբ, նոր կառավարության արժեքային տիրույթում են, առաջնորդվում են օրենքի գերակայության, թափանցիկության սկզբունքով, պետք է կարողանան իրենց աշխատանքը շարունակել հօգուտ և ի նպաստ հայ մշակույթի զարգացման ու պահպանման: Այստեղ մոտեցումը հստակ է: Կադրային փոփոխությունն անխուսափելի է: Պարզապես ես կողմնակից չեմ կադրային առումով հապճեպ փոփոխությունների, քանի որ այս դեպքում հնարավոր է, որ սխալմունք լինի:

Մենաշնորհների վերացում

Ամեն ինչ պետք է անենք, որ նման բան չլինի: Իմ առաջնային առաքելություններից է այն, որ պետական մենաշնորհներ չլինեն: Պետք է լինի ընդհանուր համակարգ, որի միջոցով դրամաշնորհներ տրամադրելու, պետական աջակցության մեխանիզմը փոխվի: Ի վերջո, պետք է հասկանանք` ինչ սկզբունքով ենք տրամադրում դրամաշնորհները: Արդյունավետությունի՞ց ելնելով, արժեք ստեղծելո՞ւ սկզբունքով: Երեկվանից արդեն սկսել ենք գործընթացը: Մինչ այդ ուսումնասիրում էինք, թե հանձնաժողովներն ինչ սկզբունքով են կազմվում, ինչ սկզբունքով է ընտրություն կատարվում: Ուզում ենք հասկանալ` միգուցե այստեղ ներմուծենք նորագույն տեխնոլոգիաներ: Առնվազն առաջին փուլում որքան հնարավոր է մարդկային գործոնը բացառենք: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ներդրում կլինի այս պարագայում:

Մակունցը դեմ է օպերայի թատրոնում սաունա, ռեստորան բացելու գաղափարներին

Կան մշակույթի որոշ ոլորտներ, որոնք պետք է պարզապես հեռու լինեն կոմերցիայից: Չի կարելի թույլ տալ այդտեղ բիզնեսի մուտքը: Ես չեմ ասում, որ բիզնեսի առավելություններից մենք չպետք է օգտվենք: Դա ուրիշ հարց է, բիզնեսի առավելությունները պետք է օգտագործել ի շահ մշակույթի զարգացման, ակտիվացման: Բայց` ոչ նույնականացման:

Շատ զգուշորեն մոտենալով՝ կարելի է բիզնեսի տարրեր կիրառել մարզերում: Այստեղ մենք կարիք ունենք մշակույթի ակտիվացման, զարգացման, զբոսաշրջիկների մուտքի, հոսքի ապահովման: Միայն այդ արդարացմամբ կարող ենք ինչ-որ չափով կիրառել կոմերցիայի սկզբունքը:

Պատմամշակութային հուշարձանների նկատմամբ ոտնձգությունների կանխում

Ցանկացած ոլորտում, ինչպես և հուշարձանների պահպանության ոլորտում, պետք է գերակա սկզբունքը լինի օրենքով առաջնորդվելը: Եթե ՀՀ-ում տվյալ ոլորտում կա արդեն օրենք, որին պետք է հետևեն բոլորը, դա պետք է սկզբունքային լինի: Եթե այդ սկզբունքից մարդիկ շեղվում են, պետք է լինի համաչափ իրավական մոտեցում: Անպայման հետևողական ենք լինելու:

Երիտասարդ գործիչների հետ կապված ծրագրեր

Նախատեսում ենք նախագծեր երիտասարդ գործիչների համար, արդեն քննարկման փուլում ենք, առաջին քայլերն անում ենք: Չեմ ուզում շատ փակագծեր բացել, պետք է մի փոքր աշխատել, հիմքերը ստեղծել, հետո դրա մասին խոսել: Հայաստանում այս պահին կա կազմակերպություն, որը զբաղվում է տաղանդների, մշակույթի ոլորտում գործունեություն իրականացնող անհատների հայտնաբերմամբ, նրանց հմտությունների զարգացմամբ և կարիերայի կայացման հարցում աջակցության ցուցաբերմամբ: Այդ կազմակերպության հետ մենք անպայման համագործակցելու ենք, և պետական աջակցությամբ խրախուսելու ենք, որպեսզի կարողանանք ավելի ընդլայնել, ակտիվացնել երիտասարդների գործունեությունը: Կազմակերպությունը նոր է, գործում է, բայց անունը չեմ ցանկանում ասել, շուտով անպայման կիմանաք այդ մասին:  

Միանշանակ պետք է ոչ միայն Երևանի, այլև մարզերի տաղանդավոր գործիչներին բացահայտենք ամենատարբեր ոլորտներում` կերպարվեստի, նկարչության, թատրոնի, կինոյի, երաժշտության: Պետք է կարողանանք հայտնաբերել տաղանդներին, ներդրում անել իրենց կրթության որակական աճի վրա, նաև օգնենք կայանալ: Եթե տարեկան որոշակի թվով երիտասարդներ կարողանան այդ հնարավորությունից օգտվել գոնե այդ ծրագրի շրջանակում, արդյունավետ կլինի: Հատկապես, եթե այդ երիտասարդները շարունակեն իրենց գործունեությունը ծավալել մարզերում:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները ՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]