ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում ձերբակալվել է 13 հոգուց բաղկացած հանցախումբ, որի անդամները կասկածվում են կաշառքի միջոցով թենիսի խաղացողների հետ պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, Բելգիայի դատախազությունից հայտնել են, որ հանցախումբը, որում ներգրավված են բելգիացիներ և հայեր, 2014 թվականից ի վեր կաշառել է թենիսի պրոֆեսիոնալ խաղացողներին՝ խաղի ցանկալի արդյունք ստանալու համար, ինչը թույլ է տվել հանցագործ դեմքերին շահույթ ունենալ խաղադրույքների միջոցով:
Դատախազությունը հայտնում է, որ կաշառված խաղերը հիմնականում եղել են ոչ բարձր վարկանիշ ունեցող, հազվադեպ հեռուստատեսությամբ հեռարձակվող մրցումներ, որտեղ ավելի հեշտ է խաղացողներին կաշառելը:
Սպորտային գլխավոր կառույցներն ապրիլին հանդես էին եկել զեկույցով, որում նշվում էր, թե թենիսը լրջագույն խնդիրների է բախվում ինտերնետային խաղադրույքների կտրուկ աճով պայմանավորված: Այդուհանդերձ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խախտումներն ու կոռուպցիոն դրսևորումները գրանցվել են ցածրակարգ թենիսային մրցումներում, իսկ «Մեծ սաղավարտի» մրցումներում հնարավոր խախտումները «քիչ հավանական են»:
Ամենաբարձրակարգ խաղացողը, որը ներգրավվելու է խաղերի արդյունքների պայմանավորման գործում, իտալացի Մարկո Չեչիտանոն է, ով Ֆրանսիայի Բաց առաջնությունում հունիսի 5-ին Սերբիան ներկայացնող թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ խաղում էր քառորդ եզրափակչում:
Ուշագրավ է, որ Չեչիտանոյի ներկայացրած երկրի՝ Իտալիայի ազգային ֆեդերացիան 2016 թվականին նրան մեղավոր էր ճանաչել Մարոկկոյում կայացած խաղերում իր պարտության վրա խաղադրույք կատարելու մեջ: Սպորտսմենը մշտապես հերքել է իր դեմ ներկայացվող մեղադրանքը, իսկ Իտալիայի օլիմպիական կոմիտեն ի վերջո հանել էր նրա՝ խաղալու արգելքը՝ հաշվի առնելով ապացույցների պակասը:
Բելգիայի հետաքննիչները խնդրի ուսումնասիրման համար համագործակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Նիդերլանդների ու Միացյալ Նահանգների գործընկերների հետ: