Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Գլխավոր դատախազ

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանն ընդգծեց, որ վերջին տարիներին բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ դեսպանատներ, ամենատարբեր իրավապաշտպան կազմակերպություններ իրականացրել են մոնիթորինգ և իրենց մինչև այսօր հայտնի չէ փաստ, որ միջազգային որևէ կառույցի կամ գործընկեր որևէ պետության կողմից Հայաստանում որևէ մեկը ճանաչված լինի քաղաքական բանտարկյալ:

«Ստացվում է այնպես, որ բոլորս մեջբերում ենք համապատասխան միջազգային իրավական փաստաթղթում քաղբանտարկյալի սահմանումը, սակայն երբ հերթը հասնում է մեկնաբանության, ընկնում ենք ծայրահեղությունների մեջ: Հաճախ հանդիպել եմ մեկնաբանությունների, որոնցից տպավորություն է ձևավորում, թե եթե մեկը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, իսկ նրան մի օր մեղսագրվեց հանցագործություն, ուրեմն նա քաղբանտարկյալ է: Բայց այդպես չի, դրա համար պետք են նյութեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

Նա պարզաբանեց, որ ում մեղադրանք է առաջադրվում, դա արվում է նկարագրելով արարք, որը համապատասխանություն ունի քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետ: «Մենք հիմա այս կարևոր պահին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր դատարանների դերը չնվազեցնենք: Դատարանում բաց, հրապարակային ապացույցներ են հետազոտվում, այդ ամենի ավարտից հետո կլինեն համապատասխան գնահատականներ»,- ասաց նա:

Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու որոշմանը՝ Դավթյանն ընդգծեց, որ դա եղել է դատարանի որոշումը, իսկ ինքը որոշմանն ու Ղուկասյանին ազատ արձակելու հիմքերի հետ դեռ չի ծանոթացել: «Մենք ունեցել ենք հարյուրավոր դեպքեր, երբ դատարանի որոշման հետ համաձայն չենք եղել, բողոքարկել ենք: Այդ բողոքարկումների արդյունքում ունեցել ենք և բավարարումներ, և մերժումներ: Սա դատավարական գործընթաց է, որտեղ որևէ նոր բան չկա»,- ասաց նա:

Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, իսկ ինքը որպես գլխավոր դատախազ, պնդում է հակառակը, այս հակասությունը չի խոչընդոտելու վարչապետի հետ համատեղ աշխատանքին, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ցանկացած պաշտոնյա կարող է իր տեսակետը ներկայացնել, դատախազը իր տեսակետը ներկայացնում է վարույթում առկա նյութերի հիման վրա, իսկ ես այստեղ հակասություն չեմ տեսնում համատեղ աշխատանքի առումով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]