Տարածաշրջանային

Թուրքիայի քեմալական կուսակցության նախագահի թեկնածուն ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի քեմալական կուսակցության նախագահի թեկնածուն ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն խոսել է ընտրվելու պարագայում իր ճանապարհային քարտեզի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Sözcü պարբերականին տված հարցազրույցում Ինջեն հայտնել է, որ ընտրվելու պարագայում առաջին հերթին վերացնելու է երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը:

«Ես հեծանիվ քշող, ինքս մեքենան վարող, 3 հազար թիկնապահներով չշրջող նախագահ եմ լինելու»,- հայտարարել է Ինջեն: Նա նշել է, որ իր ղեկավարման ներքո երկրում կվերանա սուլթանությունը:

Քեմալական կուսակցության թեկնածուն հայտնել է նաև, որ եթե ընտրությունների առաջին փուլում հաղթող չլինի, ապա երկրորդ փուլ չանցնելու պարագայում իր պարտքն է լինելու ընդդիմադիր թեկնածուին աջակցելը:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նրան է սատարում նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածուն Սելահաթթին Դեմիրթաշն է, «Լավ» կուսակցության թեկնածուն՝ այդ կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները:

Նախագահական ընտրություններին իրենց թեկնածուներին են գրանցել նաև «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը՝ Դողու Փերինչեք, «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցությունը՝ Թեմել Քարամոլլաօղլու և «Ադալեթ» («Արդարություն») կուսակցությունը՝ Վեջդեթ Օզ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում