Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հավաքի մեծ թվով մասնակիցներ Գարեգին Նժդեհի փողոցում են. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հավաքի մեծ թվով մասնակիցներ Գարեգին Նժդեհի փողոցում են. ԹԱՐՄԱՑՎՈՂ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: «Արմենպրես»-ը-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան:

18:20 - Հանրապետության հրապարակում է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանը:

18:00 - Հավաքի մասնակիցները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:

17:58 - Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

16:20 - Բռնության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողը. թղթակից Արտակ Խուլյանը Էրեբունի վարչական շրջանում իր մասնագիտական գործունեություն է իրականացնելիս եղել` լուսաբանելով տեղում կազմակերպված բողոքի ակցիաները: Այդ պահին քաղաքացիական հագուստով անձինք նրան հարվածել են քարերով, հետո էլեկտրահարել:

16:05 - Հավաքի մեծ թվով մասնակիցներ Գարեգին Նժդեհի փողոցում են՝ ոստիկանության բաժանմունքի դիմաց: Այստեղ՝ ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում են գտնվում ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը:

16:00 - ՀՀ ոստիկանության կողմից ապրիլի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բերման է ենթարկվել 192 անձ:

15:43Հավաքի մի խումբ մասնակիցներ փակել են Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկը: Ցուցարարները տարածքի աղբամաններն ու նստարանները տեղաշարժելու միջոցով փակել են փողոցն ու մեքենաներին թույլ չեն տալիս անցնել: Այդ հատվածում այս պահին ոստիկաններ չկան:

15:40 - Երևանի հիվանդանոցներում ապրիլի 22-ին ժամը 14։00-ի դրությամբ բուժվում է հավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է ապրիլի 22-ին։

15:17 - Նոր Նորքի զանգվածում հավաքի մի խումբ մասնակիցներ փորձում են փակել Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկը:

14:52 - ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը: ՀՀ ԱԺ պատգամավորների ձերբակալման մասին ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով անհապաղ տեղեկացվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահը:

14:41 - Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում Փաշինյանի նախաձեռնած երթի ցրման գործողությունների ընթացքում վնասվածք է ստացել Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի թղթակից Լիանա Եղիազարյանը։ Նա կարողացել է հասնել «Ռադիոտուն», որտեղ եւ շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։

14:34 - Ոստիկանությունը հորդորել է ծնողներին անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից, քանի որ ոստիկանությունը շարունակում է իրականացնել հասարակական կարգի պահպանության միջոցառումներ:

13:52ՀՀ ոստիկանության կողմից ապրիլի 22-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, բերման է ենթարկվել 49 անձ:

13:49 - ՀՀ ոստիկանությունը Երևանի Հանրապետության հրապարակում և երթի վայրերում բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին հարգել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը:

13:35 - Ոստիկանությունը դիմել է Երևանում հավաքի և երթերի վայրերում աշխատող լրագրողներին՝  հորդորելով պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից:

13:05 - Արշակունյաց պողոտայում երթի առջևից սկսեցին քայլել հայ հոգևոր սպասավորները:

12:52 - Արցախի պողոտայից 5 մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նրանցից որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա: Պարզվում է՝ արդյոք կան իրենց միջոցներով հիվանդանոցներ տեղափոխված անձինք:

12:33 - Ոստիկանության հայտարարություն տարածեց. «Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը: Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից»:

12.02 - Էրեբունի վարչական շրջանում ՀՀ ոստիկանությունը երթի տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին: Կիրառվեցին նաև հատուկ միջոցներ, որոնց կիրառման հնարավորության մասին զգուշացրել էր ոստիկանությունը, քանի որ հավաքները կրում էին անօրինական բնույթ:

11:54 - Ոստիկանությունը հայտարարեց, որ Երևանում սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ կցրի հավաքը:

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am