Հասարակական

Հայաստանում զարկ է տրվում ոչ ֆորմալ կրթությանն ու երիտասարդական աշխատանքի ճանաչելիությանը

4 րոպեի ընթերցում

Հայաստանում զարկ է տրվում ոչ ֆորմալ կրթությանն ու երիտասարդական աշխատանքի ճանաչելիությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երիտասարդական ակումբների դաշնությունը համատեղ իրականացվող ծրագրի միջոցով նպատակ ունեն նպաստել երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 20-ին տեղի ունեցող «Երիտասարդական ոչ ֆորմալ աշխատանք և ֆորմալ երիտասարդական հետազոտություններ» միջազգային քառօրյա գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը։

«Ոչ ֆորմալ կրթությունը Հայաստանում մրցակցային չէ, և մեզ դա մտահոգել է: Մենք որոշել ենք ծրագիր կազմել։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև եվրոպական գրեթե բոլոր երկրներում այդ տեսակի կրթությունը մրցակցային չէ։ Հայաստանում, ցավոք, պետական մակարդակով չի ճանաչվում երիտասարդական աշխատանքը, սակայն կան փորձառու երիտասարդական աշխատողներ, ովքեր իրենց գործունեությունն իրականացնում են հիմնականում երիտասարդական կազմակերպություններում։ Մենք ներկայացրել ենք մոտ 2 տարվա ծրագիր և այն սկսում ենք հենց այս միջազգային գիտաժողովով։ Նպատակն է ուսումնասիրել եվրոպական տարբեր երկրներում գոյություն ունեցող փորձը՝ մոտեցումները, հետազոտությունները և այլն»,- նշեց Մխիթարյանը։

Նրա խսոքով՝ երկարաժամկետ ծրագրի նպատակն է «Միջազգային երիտասարդական հետազոտություններ» մագիստրոսական ուսումնական ծրագրի մշակմամբ նպաստել երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությանը։ Երիտասարդական ակումբների դաշնության նախագահն ընդգծեց, որ 2019 թվականի կեսերին արդեն նախատեսում են ունենալ մշակված մագիստրոսական հեռավար դասընթաց։

«Դասընթացի միջոցով տարբեր երկրների երիտասարդները, ովքեր կցանկանան ստանալ այդ կրթությունը, կկարողանան հեռավար ընդունվել մագիստրատուրա, ապա ձեռք բերել դիպլոմ և դրանից հետո աշխատել երիտասարդների հետ։ Դասընթացներն ավարտելուց հետո նրանք կստանան երիտասարդական աշխատողի որակավորում»,- շեշտեց Ատոմ Մխիթարյանը և հավելեց, որ նյութերը բաց ու հասանելի են լինելու բարձրագույն ուսումնական հաստատությունների և բոլոր հետաքրքրվող երիտասարդների համար։

Գիտաժողովին մասնակցելու են 2-4-ական ներկայացուցիչ Պորտուգալիայից, Բելգիայից, Չեխիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Բելառուսից, Թուրքիայից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից։ Մասնակիցները ներկայացնում են ինչպես երիտասարդական կազմակերպություններ, այնպես էլ հետազոտական համալսարաններ ու պետական մարմիններ։

Ռումինացի մասնակից Ալեքսանդրա Պեկան, ով ներկայացնում է Եվրոպական երիտասարդական փոխանակման կազմակերպությունը, ասաց, երբ իրենք հետազոտություն են արել իրենց երկրում, հասկացել են, որ այնտեղ բացակայում են երիտասարդ աշխատողների համար նախատեսված կրթական ծրագրերը։

«Մեր երկրում նմանատիպ ծրագրերի կարիքն, իրոք, կա, բայց մենք եկել ենք այստեղ, որպեսզի և՛ կիսենք մեր փորձը, և՛ ծանոթանանք այլոց փորձին։ Մենք ցանկանում ենք ստեղծել համաեվրոպական կուրս երիտասարդ աշխատողների համար»,- նշեց Ռումինիայի ներկայացուցիչը։

Գիտաժողովը կազմակերպվում է Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA.net) կողմից Եվրամիության Erasmus + ծրագրի աջակցության և International Youth Studies (InYouS) խորագիրը կրող երկարաժամկետ ծրագրի շրջանակում։

Հաջորդ միջազգային ծրագրերն իրականացվելու են Վրաստանում, Չեխիայում, Ուկրաինայում և Բելգիայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում