Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Շոայի հիմնադրամի արխիվում կներառվի Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունների մեծ հավաքածուն

Շոայի հիմնադրամի արխիվում կներառվի Հայոց ցեղասպանության վերապրածների 
վկայությունների մեծ հավաքածուն

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամն այսուհետ իր արխիվում կունենա Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունների ամենամեծ հավաքածուներից մեկը, որը տասնամյակներ շարունակ հավաքագրել է ամերիկաբնակ հայ պատմաբան, դոկտոր Ռիչարդ Կիրակոսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է PR Newswire-ը:

Մարտի 9-ին կայանալիք հատուկ արարողության ժամանակ Ռիչարդ Հովհաննիսյանի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն պաշտոնապես կհայտարարվի որպես հիմնադրամի Վիզուալ պատմության արխիվի մի մաս:

Այն ներառում է ավելի քան 1000 հարցազրույց: Ձայնագրություններից զատ հավաքածուն ներառում է նաև յուրաքանչյուր վկայությանն ուղեկցող փաստաթղթեր և լուսանկարներ:

Հավաքածուի գերակշիռ մեծամասնությունը ձայնագրվել է հայերենով և միայն 20 տոկոսն է անգլերեն: Կան նաև թուրքերեն և իսպաներեն հարցազրույցներ, որոնք, սակայն, փոքր մաս են կազմում:

Մարտի 9-ին հիմնադրամի արխիվում հանրությանը հասանելի կլինեն միայն 10 վկայություններ՝ յոթն անգլերենով և երեքը հայերենով: Մնացածը կավելացվեն հիմնադրամի բարձր չափանիշներով թվայնացվելուց հետո:

Հովհաննիսյանը, ով ինքն էլ Հայոց ցեղասպանության վերապրածի ժառանգ է, խորապես հավատացած է, որ վկայությունները մեծ կարևորություն ունեն սերունդներին կրթելու, ժխտողականության դեմ պայքարելու հարցում:

Արխիվի կարևորությունն ընդգծել է նաև Շոայի հիմնադրամի գործադիր տնօրեն Սթեֆան Սմիթը՝ ասելով. «Վիզուալ պատմության արխիվում ավելի մեծ բովանդակություն ավելացնելով՝ մենք հարգում ենք այն մարդկանց հիշատակը, ում կյանքը զուր ընդհատվել է: Այս ձայները կօգնեն վստահեցնելու, որ ապագա սերունդները կսովորեն նրանցից, ովքեր ապրել են Հայոց ցեղասպանության սարսափները»:

Շոայի հիմնադրամի արխիվում Հայոց ցեղասպանության վկայությունների հավաքածուում մեծությամբ երկրորդն է Հոլոքոստի վերաբերյալ վկայություններից հետո:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am