ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը հրաշալի անձնավորություն է, որը դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկնում իր փայլուն կատարողական արվեստով, և հայ կոմպոզիտորները երազում էին, որ հենց նա կատարի իրենց ստեղծագործությունները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին թավջութակահարուհու հոբելյանական միջոցառմանն ասաց երաժիշտ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:
Նշանավոր երաժշտի հոբելյանին նվիրված հանդիսությունը տեղի ունեցավ մարտի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
«Ես միակ կոմպոզիտորն եմ, որը դեռ նրա համար գործ չի գրել: Իմանալով Մեդեայի պահանջկոտությունը` վախենում էի, որ գուցե ստեղծածս արժանի չլինի նրա աղեղին: Հիմա հասունացել է պահը. գրում եմ մի ստեղծագործություն, որն ավարտելուն պես կնվիրեմ Մեդեա Աբրահամյանին»,-ասաց Վարդազարյանը` սրտանց շնորհավորելով թավջութակահարուհուն:
Ցերեկույթին ներկայացվեց նաև Սերգեյ Մանվելյանի «Մեդեա Աբրահամյան» աշխատությունը, որում ամփոփված են Աբրահամյանի կյանքի և բեմական գործունեության վերաբերյալ արժեքավոր նյութեր:
«Գիրքը շատ բազմաբովանդակ է. ներառում է թավջութակահարուհու հուշերը, որոնք քաղել եմ տարբեր տարիներին գրված հուշագրություններից, լուսանկարներ, պաստառներ, նամակներ և այլ բնույթի վավերագրեր, որոնց գերակշիռ մասը հրապարակվում է առաջին անգամ»,-ներկայացրեց երաժիշտի կենսագիրը:
Միջոցառմանը ելույթներ ունեցան Մեդեա Աբրահամյանի գործընկերները, ընկերները, նրա արվեստի երկրպագուները՝ ամենաջերմ բարեմաղթանքներն ուղղելով մեծ թավջութակահարուհուն: Հնչեցին Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից:
Վաստակաշատ երաժիշտը պարգևատրվեց Հայաստանի երաժշտական ընկերության ոսկե հուշամեդալով:
«Հուզվում եմ և չեմ կարող ոգևորությունս շատ բառերով արտահայտել: Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր հիշում են ինձ: Այստեղ են իմ կոմպոզիտորները, իմ դաշնակահարները, իմ ընկերները և անգամ ուսուցիչները: Երջանիկ եմ և տխուր…»,-խոստովանեց հոբելյարը և շեշտեց, որ Հայաստանում շատ են տաղանդավոր ստեղծագործողները, ովքեր կարող են բարձունքներ նվաճել, միայն թե նրանք պետք է մնան երկրում ու չարտագաղթեն:
Միջոցառումն իրականացվեց «Երաժշտական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Շագոյանի նախաձեռնությամբ:
Մեդեա Աբրահամյանը առաջին հայ թավջութակահարն է, ով պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր: Նրան ծափահարել են բազմաթիվ երկրներում՝ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Բուլղարիայում, Բելգիայում և այլն: Ելույթներ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Théâtre des Champs Elysées», «Salle Pleyel», Բուենոս Այրեսի «Teatro Colón», Լյուքսեմբուրգի «Grand Théâtre», Մոսկվայի «Bolshoi Théâtre»: Որպես երաժշտական փառատոնների ժյուրիի անդամ և նախագահ հանդես է եկել տարբեր երկրներում, վարել վարպետության դասեր:
Դասավանդել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում,Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նա հայկական թավջութակային գրականության բազում ստեղծագործությունների առաջին կատարողն է:
Մեդեա Աբրահամյանին նվիրված ստեղծագործություններ են հորինել հայ և օտարազգի մի քանի տասնյակ կոմպոզիտորներ՝ Էդուարդ Միրզոյանը, Ավետ Տերտերյանը, Արտեմի Այվազյանը, Ղազարոս Սարյանը, Վարդան Աճեմյանը և այլք: