Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը հավակնոտ ծրագրեր ունի


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվել են տարբեր գիլդիաներ, որոնք պաշտպանելու են կինոարտադրողների իրավունքները, նախատեսվում է միությունում կինոկրթական կառույց ստեղծել, քննարկումներ և առաջարկություններ իրականացնել «Կինոյի օրենքի» վերաբերյալ: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ:

-Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվելիս, խոսելով առաջնահերթ անելիքների մասին, նշեցիք, որ սերտորեն աշխատելու եք կինոյի բնագավառի կառույցների` Կինոկենտրոնի, Հայաստանում գործող կինոփառատոնների գրասենյակների, ՀՀ մշակույթի նախարարության հետ: Արդեն համագործակցու՞մ եք այդ կառույցների հետ: Եթե այո, ապա ի՞նչ համատեղ ծրագրեր կամ նախագծեր են մշակվել:

-Երբ ստանձնեցի միության նախագահի պարտականությունները, հրավիրեցի բոլոր կինոփառատոնների տնօրեններին և առաջարկեցի ստեղծել մի գիլդիա կամ հանձնաժողով: Ամեն մի կինոփառատոն ունի մեծ խնդիրներ` ֆինանսական, մարդկային ռեսուրսների և այլն: Եթե միասին լինեն, լավ կաշխատեն, լավագույն ժամանակը և տեղը կընտրեն փառատոնների անցկացման համար, ճիշտ ծրագիր կկազմեն, որը չի կրկնվի, կօգնեն միմյանց տեխնիկայով: Նրանց գործն ավելի արդյունավետ ու մատչելի կդառնա: Հաճախ տարվա մի քանի ամիսներին ոչ մի փառատոն չի կազմակերպվում, իսկ հոկտեմբերին, նոյեմբերին դրանք շատ են:  Նրանց ժամանակ ենք տվել մտածել ու հասկանալ` արդյոք համագործակցելու ցանկություն ունե՞ն: Կինեմատոգրաֆիստները բավականին ինքնաբավ մարդիկ են և ցանկանում են ամեն բան միայնակ հաղթահարել: Կինոմիությունը շուտով նրանց կտրամադրի  դահլիճներ, որտեղ կկարողանան անցկացնել միջոցառումների որոշ մասը:

Աշխատում ենք նաև Կինոկենտրոնի և Մշակույթի նախարարության հետ: Կարևոր ձեռքբերում եմ համարում, որ նախարարության որոշմամբ` ֆիլմեր նկարելու համար նախատեսված ֆոնդի երեսուն տոկոսը հատկացվելու է միմիայն երիտասարդներին: Կարծում եմ` հայկական կինոյի պատմության մեջ դա մեծ առաջընթաց է, քանի որ երիտասարդները  գրեթե միշտ ստվերում են եղել, և նրանց երկրորդ  պլան  են մղել:

Կինոմիությունը ստեղծել է նաև երիտասարդական հարթակ: Այն սկսնակ կինոգործիչներին հնարավորություն կտա մասնակցել վարպետության, գործնական դասերի, սցենարներ քննարկել, կինոնախագծեր իրականացնել:

-Կինեմատոգրաֆիստների միությունն արդեն իսկ մի քանի մասնագիտական գիլդիաներ է ստեղծել…

-Մասնագիտական համքարություններն իրենց ոլորտների խնդիրներն են ներկայացնում կինոմիությունում: Նրանք` օպերատորները, պրոդյուսերները, դերասանները, նկարիչները, ռեժիսորները և այլք, մեծ ուժ են: Նրանց մեծ մասը պաշտպանված չէ:  Արվում է ամեն բան, որ  նույն կանոններով խաղան: Գիլդիաները կսկսեն նաև ամենամյա մրցանակներ հանձնել իրենց ոլորտների լավագույններին: Բոլորը պաշտպանված կլինեն մեր միության հնարավորությունների սահմաններում: Գիլդիաներն իրենց հերթին կարող են դեր խաղալ կինոյի մասին օրենքը ճիշտ կառուցելու համար:

-Մի առիթով ասել եք, որ լրջությամբ եք վերաբերվում ընդունման սպասող «Կինոյի մասին» օրենքին:  Ի՞նչ եք կարծում, այդ օրենքը, որը բավականին գայթակղիչ կարող է լինել արտասահմանցի կինոարտադրողների համար, նպաստ կբերի՞ հայկական կինոարտադրության զարգացմանը:

-Մի քիչ դժգոհ եմ, որ կինոյի օրենքի հետ կապված լիարժեք չենք հասկանում, թե ինչ է կատարվում: Միություն հրավիրեցինք մեր երկրում գործող բոլոր լուրջ կինոկազմակերպությունների ներկայացուցիչներին, օրենքի վերաբերյալ քննարկում անցկացրեցինք և մեր առաջարկությունները նամակով ուղարկեցինք Մշակույթի նախարարություն: Դեռ պատասխան չենք ստացել:  Փարիզի կինոկենտրոնի «CNC» ընկերության ներկայացուցիչներն առաջարկում են գալ Հայաստան և իրենց հնարավորություններով օգնել օրենքի ճիշտ կառուցմանը:

Եթե շտապ օրենքներ ընդունենք և սխալվենք, երկար ժամանակ կպահանջվի դրանք ուղղելու համար:

Օրենքի մեջ մի քանի կետեր կան, մեկն այն մասին է, թե ինչ է ազգային կինոն, մյուսը` ինչպես ֆինանսավորել այն, հաջորդը` ֆինանսավորման մեխանիզմները, մյուսը վերաբերում է համատեղ արտադրությանը և այլն: Զարմանալին այն է, որ մենք, փոխանակ ոգևորվենք և մեծ ուշադրություն դարձնենք մեր կինոարտադրությանը, ամեն բան անում ենք, որ Հայաստանը վերածենք օտարների համար ծառայություններ մատուցող հրապարակի: Ըստ այդ օրենքի` արտասահմանցի կինոարտադրողները կարող են մեծ զեղչերով ու զիջումներով, գումարի որոշ չափի վերադարձով Հայաստանում ֆիլմեր նկարել: Եթե օտար կինոարտադրողը նման զեղչերի հնարավորություն ունի, ինչու՞ տեղացին էլ չունենա:

-Խոսեցիք երիտասարդ կինոարտադրողների մասին: Մեր երկրում շա՞տ են տաղանդավոր ստեղծագործողները:

-Հետաքրքիր երիտասարդները շատ են: «Տաղանդավոր» բառը հաճախ չէ, որ օգտագործում եմ, քանի որ այն բավականին վտանգավոր է: Կան շնորհալի մարդիկ, որոնք նկարել են կարճամետրաժ կինոնկարներ, կուրսային, դիպլոմային աշխատանքներ, որոնք ուշադրության են արժանի:

-Կխնդրեի անդրադառնալ ժամանակակից  կինոկրթական կառույցի  ստեղծմանը:

-Մենք ստեղծել ենք հանձնաժողով, որը զբաղվում է կինոկրթությամբ:  Մանկավարժական համալսարանում, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում,  Սլավոնական համալսարանում երիտասարդները կրթվում են: Բայց, կարծես, դա բավական չէ, որ նրանք կարողանան որպես մասնագետներ մուտք գործել կինոարվեստ: Կարծում եմ` բարձրագույն ռեժիսորական կուրսերն անհրաժեշտ են նորագույն կինոյին ծանոթացնելու, նախագծեր կազմելու համար:  Այդտեղ, հավանաբար, ընդունվել կարող են կամ համալսարանական կրթություն ստացած անձինք, կամ դպրոցականները, որոնք կինոյի միջոցով կկրթվեն, կսկսեն լայն մտածել: Դեռ հստակ որոշված չէ: Ֆունկցիոնալ անգրագիտությունը, ցավալիորեն, սարսափելի չափերի է հասել մեր երկրում: Ոչ ոք չի հասկանում ենթատեքստերը, խորքային միտքը, ոչ ոք լուրջ, բարդ երևույթներ չի սիրում, փիլիսոփայություն չի սիրում, չի կարդում, լավ երաժշտություն չի լսում: Նախընտրում են կուլ տալ և մարսել  անորակությունը, և վտանգավոր է դարձել մարդկանց չմտածելու ցանկությունը:  Փորձում ենք որոշ չափով լուծել այդ խնդիրները:

Հարցազրույցը վարեց Անժելա Համբարձումյանը




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ