Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Զատուլինը բացառում է Լեռնային Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ


ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը չի կարողանում դուրս գալ այն փակուղուց, որում ինքն իրեն դրել է սեփական հռետորաբանությամբ: Երկիրը նման կերպով արգելափակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Սպուտնիկ»-ում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

«Ես չեմ կանխատեսում մոտ ժամանակներում լուրջ առաջընթաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Կարծում եմ, որ դա երկարատև գործընթաց է: Ներկայիս տրամադրվածության, այդ թվում և Ադրբեջանում, այդ երկրի ղեկավարության մոտ առկա տրամադրվածության պարագայում դժվար է նման բան ակնկալել»,- ընդգծեց Զատուլինը: Նա նշեց, որ ինքն ու իր գործընկերներն այս պահին ակնկալում են, որ ապագայում հակամարտությունում չվերսկսվեն նոր սուր պոռթկումները և ռազմական գործողությունները, չլինի արյունահեղություն: Նրա համոզմամբ՝ դա ներկայիս ամենակարևոր դիրքորոշումն է, որը պետք է պահել:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստին՝ ՌԴ Պետդումայի պատգամավորն ընդգծեց, որ դա արվել է այն պայմանով, որ տվյալ երկիրը զսպվածություն կդրսևորի և չի օգտագործի զենքը ԼՂ հակամարտության գոտում: «Ցավոք, այդ խոստումներն Ադրբեջանի կողմից դրժվել են»,- փաստեց Զատուլինը: Նա հավելեց, որ Հայաստանին զինամթերքի մատակարարմամբ ռուսական կողմն ինչ-որ չափով շտկել է թերությունը՝ պահպանելով հավասարակշռությունը տարածաշրջանում:

Նրա համոզմամբ՝ ամենակարևորը հավասարակշռության պահպանումն է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը իմանա, որ եթե ձեռնարկի հարձակում, ապա կկրի պատասխանատվություն:

«Ես Լեռնային Ղարաբաղը դիտարկում եմ որպես ինքնորոշված տարածք, և հակված չեմ մտածելու, որ այն երբևէ, որևէ հանգամանքների պայմաններում կվերադառնա Ադրբեջանի կազմ: Դա, իմ կարծիքով, դեպքերի զարգացման բացարձակ անհնար տարբերակ է»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրվող հռետորաբանությանը՝ Զատուլինն ընդգծեց, որ դրանցում շատ հաճախ հնչող վիրավորանքներն ու ծայրահեղ գնահատականները որևէ կերպ չեն կարող օգնել կողմերին:

«Ադրբեջանական ԶԼՄ-ների հռետորաբանությունն ավելի շատ թուլացնում է Ադրբեջանի հեղինակությունն արտաքին աշխարհում, քան օգնում: Ինչպես կարող է օգնել երկրին այն հայտնի փաստը, երբ Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակում հայ գործընկերոջը կացնահարած ադրբեջանցի սպային դարձրեցին ազգային հերոս, ազատ արձակեցին և բարձրացրեցին պաշտոնը: Նման մոտեցման դեպքում ի՞նչ փոխըմբռնում կարելի է ակնկալել հայկական կողմից»,- ասաց նա:

Անդրադառնալով ռուսական կողմի գործողություններին՝ Զատուլինը նշեց, որ Ռուսաստանը չի դադարում կազմակերպել երկկողմ, բազմակողմ հանդիպումներ ԼՂ հակամարտության թեմայով: «Այն ամենն, ինչ այսօր մենք կարող ենք անել, դա երկու կողմերին հետ պահելն է ռազմական գործողությունների վերսկսումից»,- ընդգծեց պատգամավորը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ