ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայք քաղաքի հիվանդանոցը մասամբ վերանորոգվել և հագեցվել է նոր տեխնիկայով: Վերազինումը նախաձեռնել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ «Ամուլսար»-ի աշխատակիցներին հնարավոր պատահարների դեպքում շտապ բուժօգնություն ցուցաբերելու, նաև հանրության շահերին ծառայելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 13-ին Վայքի հիվանդանոցում բացվեց նոր տեխնիկայով վերազինված վիրահատարանը և սկսեց գործել վերելակը:
«Հանքում հնարավոր պատահարները կանխելու համար մենք որոշեցինք մասնագիտացված բուժօգնության օղակն ուժեղացնել: Նման որոշում կայացնելուն նպաստեց նաևՎայքի հիվանդանոցում պրոֆեսիոնալ բուժանձնակազմի առկայությունը: Կարիք կար բժշկական հիմնարկը հագեցնել ժամանակակից տեխնիկայով: Եվ այն այսուհետ ի վիճակի է անհրաժեշտության դեպքում մատուցել պրոֆեսիոնալ ծառայություններ»,-ասաց «Լիդիան Արմենիա»-ի բուժծառայության ղեկավար Վիգեն Տատինցյանը:
Արդիականացված հիվանդանոցում բացվել է վերանորոգված և բժշկական տեխնիկայով վերազինված նոր վիրահատարան, ինչպես նաև գործարկվել հիվանդանոցի պահանջներին հարմարեցված վերելակ: Բժիշկների փաստմամբ՝ նախկինում վերելակի բացակայության պայմաններում ծանր վիճակում գտնվող հիվանդին բարձր հարկեր հասցնելը մեծ խնդիր էր: Հիվանդանոցի անեսթեզիոլոգն առանձնացրեց դժվար ինկուբացիայի համար նախատեսված սարքավորումամբ համալրումը, որն արդյունավետ կլինի բոլոր տեսակի անեսթեզիոլոգիական ռիսկերի ինկուբացիայի համար:
Հանքը Երևանից բավական հեռու է գտնվում, կլիմայական պայմանները ևս նպաստավոր չեն հնարավոր դժբախտ պատահարների դեպքում վիրավորում ստացածներին մայրաքաղաք հասցնելու համար: «Վայք քաղաքը գտնվում է Երևանի և Ամուլսարի միջև, հետևաբար ընտրվեց այս քաղաքը: Այս նախաձեռնությունն ունի երկու նպատակ՝ պատահարներ լինելու դեպքում աշխատակիցներին շտապ տեղափոխել Վայքի հիվանդանոց, բացի այդ՝ իրականացնել այնպիսի ներդրում, որը կծառայի հանրությանը»,-ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ու հավելեց՝ ներդրումները հիվանդանոցում շարունակելու են:
Վայքի բուժական միավորման գլխավոր բժիշկ Ռոբերտ Ասլանյանը ևս մեծապես կարևորեց մեկ տարվա ընթացքում բուժհիմնարկի տեխնիկայով վերազինումը: Հիվանդանոցում տարեկան կատարվում է 1500-ից ավելի վիրահատություն: Նոր վիրահատարանը թույլ կտա ավելի որակյալ ծառայություններ մատուցել:
Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը առանձնացրեց հատկապես ռենտգեն սարքի վերանորոգումը: Խորհրդային տարիներից դեռ օգտագործվող սարքի անսարքության պատճառով ոչ ճիշտ հետազոտություն էր կատարվում: Վերանորոգումից հետո սարքն աշխատում է ճշգրտորեն: «Կարծում եմ՝ հիվանդանոցի բարելավումը կնպաստի մարզի բնակչության առողջության բարելավմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը, վճարովի ծառայությունների ավելացմանը: Նախկինում սարքավորումների պակասի պատճառով մարզի բնակիչները բուժման նպատակով գնում էին Երևան»,-ասաց մարզպետն ու հավելեց՝ ընկերությունը Վայքի հիվանդանոցի վերազինման համար մոտ 100 000 դոլարի համարժեք դրամի չափով ներդրում է կատարել:
«Լիդիան Արմենիա»-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով՝ նման կարողություններով հիվանդանոցը լիովին համապատասխանում է ռիսկերի իրենց կառավարմանը: Արագ արձագանքման համար բժշկական անձնակազմ է աշխատում նաև Ամուլսարի շինհրապարակում: Այդ անձնակազմը վերապատրաստում է անցել Երևանում: Վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն նաև Վայքի հիվանդանոցի բուժանձնակազմի համար:
Առաջիկայում Երևանում մասնագիտական վերապատրաստում են անցնելու հիվանդանոցի 4 մասնագետներ՝ նյարդաբան, վիրաբույժ-օրթոպեդ, բժիշկ-լաբորանտ, լաբարասկոպիկ վիրաբույժ: