Մարզային

Մեկնարկեց «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» խորագրով միջազգային գիտաժողովը

4 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» խորագրով միջազգային գիտաժողովը

ԳՅՈՒՄՐԻ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկեց «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը:

«Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, որն ունի ավելի քան 15 տարվա փորձառություն Հայաստանում խաղաղաշինության հաստատման բնագավառում, արդեն երկրորդ անգամ է անցկացնում «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» խորագրով միջազգային գիտաժողովը: Այս գիտաժողովին ժամանել է ավելի քան 130 մասնակից տարբեր երկրներից:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին և մաղթելով արդյունավետ ընթացք՝ «Կանայք հանուն զարգացման» կազմակերպության նախագահ Գոհար Մարկոսյանը փաստեց, որ գիտաժողովի հիմնական նպատակն է միջազգային հանրության ուշադրությունն ուղղորդել խաղաղությանն ուղղված հիմնախնդիրներին՝ որպես լուծման հնարավոր տարբերակ ներկայացնելով խաղաղության մշակույթ կրող նոր սերնդի դաստիարակության անհրաժեշտությունը տարածաշրջանի բոլոր երկրներում և ամբողջ աշխարհում:

Աշխատանքային երկու օրվա ընթացքում մասնակիցները քննարկելու են հետևյալ հիմնական թեմաները. «Խաղաղության կրթություն դպրոցներում և ԲՈՒՀ-երում», «Կոնֆլիկտների կառավարում համայնքներում», «Գենդերի դերը կոնֆլիկտների կառավարման և լուծման գործում», «Երիտասարդություն և խաղաղաշինություն», «Բռնի ծայրահեղականության կանխարգելում խաղաղության կրթության միջոցով», «Համաշխարհային քաղաքացիություն», «Համագործակցություն հանուն խաղաղաշինության», «Միջսահմանային կոնֆլիկտների կանխարգելում խաղաղության կրթության միջոցով»:

Մասնակիցները կծանոթանան խաղաղության կրթության «հայաստանյան մոդելին», ինչպես նաև կներկայացնեն խաղաղության կրթության ոլորտում ունեցած իրենց սեփական փորձն ու ձեռքբերումները: Ինչպես «Արմենպրես»-ին վստահեցրին կազմակերպիչները՝ գիտաժողովի ընթացքում կազմակերպվող դասընթացները թույլ կտան աշխարհի տարբեր մասերից ժամանած ուսանողներին, հետազոտողներին և ուսուցիչներին բարելավել իրենց հմտությունները խաղաղության կրթության ոլորտում, կիսել գիտելիքները, փոխանակել լավագույն փորձը, կրթական ծրագրերը, գնահատման գործիքները:

Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն կտա կապեր հաստատել և համագործակցել տարբեր երկրներում գործող կազմակերպությունների, մասնագետների հետ: Կոնֆերանսի հատուկ հյուրերն են Զինված կոնֆլիկտների կանխարգելման համաշխարհային գործընկերության (GPPAC) «Խաղաղության կրթություն» աշխատանքային խմբի (PEWG) տարբեր երկրներից ժամանած անդամները: Վերջիններս կկիսեն իրենց երկրներում և տարածաշրջաններում իրականացվող խաղաղության կրթության բնագավառում ունեցած հարուստ փորձը և քաղած դասերը:

«Խաղաղության կրթություն» աշխատանքային խմբի աջակցությամբ 2017 թ. դեկտեմբերի 3-ին՝ կոնֆերանսի հաջորդ օրը, Գյումրիում կանցկացվի կարողությունների հզորացման դասընթաց ավագ դպրոցների և ԲՈՒՀ-երի դասախոսների ու վարչական աշխատողների համար, ովքեր վերապատրաստում են նոր ուսուցիչներ, ինչպես նաև պետական այն կառույցների համար, որոնք զբաղվում են ուսուցիչների կրթությանն առնչվող քաղաքականության մշակմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում