Մարզային

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնել է Գյումրու համայնքապետի պաշտոնը

3 րոպեի ընթերցում

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնել է Գյումրու համայնքապետի պաշտոնը

Գյումրիում տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը սկսվել է աղոթքով, որից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Վարդան Ղուկասյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․ 

«Ստանձնելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»։

Շիրակի թեմի առաջնորդի ելույթից հետո Վարդան Ղուկասյանին է հանձնվել քաղաքապետի լանջաշղթան և Գյումրի քաղաքի խորհրդանշական բանալին։

Գյումրի և Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններն անցկացվել են մարտի 30-ին։ 

Գյումրու ընտրություններին մասնակցել են 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են 5-ը։ 14 մանդատ է (17188 քվե) ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ 

Գյումրիում ապրիլի 16-ին տեղի ունեցած ավագանու առաջին նիստում Գյումրի համայնքի ղեկավար է ընտրվել Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանը Գյումրի համայնքի ղեկավար է ընտրվել 18 կողմ ձայնով։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոյկոտել էր ավագանու նիստը և չի մասնակցել քվեարկությանը։ Իշխող ուժը, որն ամենաշատ մանդատներն ունի ավագանիում (14), հայտարարել էր Գյումրիում կառավարման ճգնաժամի անխուսափելիության և նոր, արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում