ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 20-21-ըՀայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Նոյեմբերի 21-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով՝ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը: