Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանի շատ վերելակներ դեռ չեն սպառել շահագործման 25 տարին. մանրամասնում է փորձագետը

Երևանի շատ վերելակներ դեռ չեն սպառել շահագործման 25 տարին. մանրամասնում է 
փորձագետը
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած 25 տարի ժամկետին՝ Երևան քաղաքի շատ վերելակներ ենթակա են շահագործման, քանի որ չեն սպառել իրենց օրացույցային կյանքը: Սակայն նկատվում է վերելակների մասնագետների պակաս, ինչպես նաև անհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերման դժվարություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ Ասիական զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանի վերելակային տնտեսությունը փոխելու խնդրով: «Վերելակների շահագործման համար նախատեսված ժամկետը 25 տարին է: Սակայն վերելակի տեղադրման օրից ուղիղ 25 տարի հետո չի կարելի ասել, որ այն իր շահագործման ժամկետը սպառել է: 1988-ի երկրաշարժից, պատերազմից հետո երկար տարիներ վերելակները չեն աշխատել` կանոնավոր հոսանքի բացակայության պատճառով: Այդ մի քանի տարին բավականին ժամանակ է: 2007-2008 թթ. մոտ 2500 վերելակ կապիտալ վերանորոգվել է, 30-ից ավելի վերելակներ ամբողջովին փոխարինվել են նորով: Բացի այդ՝ ամեն տարի քաղաքապետարանն իր բյուջեից հատկացնում է գումար, որը տրամադրվում է վերելակների կապիտալ վերանորոգմանը»,-ասաց նա ու հավելեց` վերելակները, որոնք ենթարկվում են կանոնավոր տեխնիկական սպասարկումների, լուրջ վերանորոգումների և տեխնիկական անվտանգության փորձաքննությունների և ունեն ռեսուրս, որ դեռ չեն սպառել, ենթակա են շահագործման:

Վերելակների ծերացման միտումն ավելի մեծ է, քան դրանց փոխարինման և արդիականացման միտումը: Սակայն ճիշտ ժամանակին նորոգումները, տեխնիկական սպասարկումները կերկարացնեն նրանց կյանքը: Վերելակները տեխնիկական փորձաքննություն են անցնում տարեկան առնվազն 1 անգամ: Բացասական եզրակացության դեպքում համապատասխան տեսչությունը տրամադրում է կարգադրագրեր շահագործողին՝ համատիրություններին, որոնք պարտավոր են շահագործումը դադարեցնել: 4605 վերելակից այս պահին փորձաքննության վերջնական եզրակացություն ունի 2021-ը: Երևանում բացասական եզրակացություն են ստացել դրանցից 29-ը: «Սակայն մեր գործառույթը փորձաքննություն իրականացնելով և եզրակություն տրամադրելով ավարտվում է: Մենք այլ լիազորություն չունենք՝ հետևելու, որ վերելակը չշահագործվի»,-նշեց Լուսինե Հովհաննիսյանը:

Հին շենքերում նոր վերելակներով փոխարինումներ չեն եղել: «Համատիրությունները և բնակիչներն իրենց ջանքերով ի վիճակի չեն նոր վերելակներով փոխարինելու, անհրաժեշտ է պետական միջամտություն: 2017-ի սկզբին հանդիպել ենք Ասիական զարգացման բանկի ներկայացուցչների հետ, ովքեր իսկապես հետաքրքրված էին գումարը հայթայթելու և Հայաստանում վերելակային տնտեսությունը փոխելու հարցում: Առաջին փուլով նախատեսված էր իրականացնել ամբողջ վերելակային տնտեսության տեխնիկական վիճակի գնահատում՝ հասկանալու առաջնահերթ փոխարինման ենթակա վերելակները, վերանորոգման կարիք ուենցողները: Սակայն անհրաժեշտ գումար դեռևս ձեռք չի բերվել»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրում կան վերելակների հետ կապված խնդիրների լուծման հարցեր:

Երևանի յուրաքանչյուր վերելակ աշխատում է ավելի ծանրաբեռնված, քան տրանսպորտային միջոցները: Փորձագետի կարծիքով՝ վերելակների հետ կապված խնդիրներից առաջինը բնակիչների անուշադիր վերաբերմունքն է դրանց նկատմամբ: Կա նաև մասնագետների պակաս: «Վերելակների մասնագետների ինտեգրում այս համակարգում քիչ է լինում: Ունենք էլեկտրամեխանիկներ տարբեր վարչական շրջաններում, ովքեր արդեն թոշակառու են, սակայն փոխարինողներ չունենք: Չկա նաև ուսումնական հաստատություն, որտեղ կպատրատեն վերելակների էլեկտրամեխանիկներ: Չունենք հերթափոխային ծառայություններ: Շատ համայնքներում էլեկտրամեխանիկի աշխատանքը վերջանում է ժամը 18:00-ին: Եվ եթե դրանից հետո վերելակը խափանվում է, զանգահարում են ԱԻՆ կամ մեկ այլ անձի»,-ընդգծեց փորձագետը:

Կա նաև անհրաժեշտ պահեստամասերի պակաս: Հանրապետությունում տեղադրված վերելակները ժառանգություն են խորհրդային միությունից և պահեստամասերը դժվար են գտնվում: Դրանք ներկրվում են հիմնականում Ռուսաստանից, քանի որ վերելակները ռուսական արտադրության են:

Խոսելով «Վերելակների անվտանգության մասին» իրավական ակտի վերաբերյալ` Հովհաննիսյանը նշեց, որ դրանով փոխվում են ավելի շատ սահմանային պահանջները, առևտրաշրջանառության հետ կապված հարցերը, տեխնիկական պահանջները գրեթե նույնն են: Դրանում ամբողջովին արտացոլված են ներկայիս վերելակների տեխնիկական պահանջները: Սակայն հին վերելակները չենք կարող համապատասխանեցնել այս ստանդարտներին: «Վերելակներից առաջացած դժբախտ դեքերի քանակը նվազագույնի հասցնելու համար պետք է ուժեղացնել համագործակցությունը շահագործողների, համատիրությունների, վարչական աշխատակազմերի և քաղաքապետարանի միջև»,-եզրափակեց փորձագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]