Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանը ցույց տալ աշխարհին իր ողջ կոլորիտով. Զբոսաշրջության պետական կոմիտեն ներկայացնում է անելիքները 

Հայաստանը ցույց տալ աշխարհին իր ողջ կոլորիտով. Զբոսաշրջության պետական 
կոմիտեն ներկայացնում է անելիքները 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զբոսաշրջության պետական կոմիտեն մի շարք ծրագրեր և ռազմավարություններ է մշակել և մշակում, որոնք կնպաստեն զբոսաշրջության վիճակագրության բարելավմանը։ 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական ներդրումների և զարգացման նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ 
«Մեր առջև լուրջ խնդիր ենք դրել, որպեսզի բարելավենք զբոսաշրջային վիճակագրությունը։ Այսօր մենք ունենք դետալիզացված վիճակագրություն և շարունկում ենք աշխատել այդ ուղղությամբ և, կարծում եմ, մինչև տարեվերջ կամ հունվար ամսվա սկիզբը կունենանք ավելի դետալիզացված վիճակագրություն»,- նշեց Զարմինե Զեյթունցյանը։ 


Նրա խոսքով՝ զբոսաշրջային ապրանքի մասին շատ են խոսում, մինչդեռ բազմաթիվ հուշարձաններ այսօր ընդամենը հուշարձաններ են։ Կոմիտեի նպատակներից է՝ ստեղծել ինտեգրացված զբոսաշրջային ապրանք։ 
«Մենք ունենք 25 000 հուշարձան և 960-ից ավելի համայնք։ Այժմ մշակում ենք մեծ քաղաքների (Գյումրի, Վանաձոր և այլն), ինչպես նաև ամենահայտնի զբոսաշրջային վայրերի (Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Արենի) զբոսաշրջության հայեցակարգերը»,- ընդգծեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը։ 
Նա տեղեկացրեց, որ մշակվել և Կառավարությանն է ներկայացվել «Հայաստանը՝ առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը, և հիմա կարող են արդեն մշակել նաև երթուղիներ։ Զեյթունցյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև մասնավորի հետ աշխատելը։ 


Մշակվում է նաև «Ռուսական հետք» ծրագիրը, որն արվում է Տուրիզմի ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանի հետ, քանի որ դա եղել է նրա գաղափարներից։ 
«Շատ շուտով մենք այդ ծրագիրը կներկայացնենք ռուսական շուկային։ Ծրագրում ընդգրկելու ենք ամբողջ Հայաստանի ճարտարապետական այն հուշարձանները, այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել պատմական իրադարձություններ, որոնք կապված են ռուսների հետ, այն եկեղեցիները, պահպանվող այն նյութերը, ինչպիսիք են Գյումրու Սև բերդի արխիվային ձեռագրերի հետաքրքիր հավաքածուն։ Գյումրու Ալեքսանդրի այգում առաջին ծառը տնկել է Ռուսաստանի կայսրը կայսրուհու համար։ Այդ ծառն, իհարկե, այսօր չկա, բայց պարզ է, որ զբոսաշրջությունը հիմնվում է այդպիսի պատմությունների վրա։ Ծրագրում կա նաև Պասկևիչի կամուրջը, ինչպես նաև այն կետը, որտեղ Պուշկինը հանդիպել է այն սայլին, որը բերել է Գրիբոյեդովի դին»,- ներկայացրեց Զարմինե Զեյթունցյանը։ 
Հունվար ամսին Գյումրիում անցկացվելու է շատ հետաքրքիր միջոցառում, որտեղ բազմաթիվ ռուս զբոսաշրջիկներ են գալու և հատուկ հագուստներով լոգանք են ընդունելու սառը ջրի մեջ։
ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության և BISEC-ի հետ համատեղ քննարկվել է Հայաստանի ներգրավվածությունը «Մետաքսի ճանապարհ»-ի շրջանակում։ Քննարկման ժամանակ Հայաստանը իր վրա է վերցրել «Գինու զբոսաշրջություն մետաքսի ճանապարհին» զբոսաշրջային արդյունքի ռազմավարությունը և մարքեթինգային քաղաքականությունը մշակելու նախաձեռնությունը։

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի խոսքով՝ իրենք Հայաստանն աշխարհին ցանկանում են ներկայացնել որպես գինու հայրենիք։ 
«Զբոսաշրջային արդյունքի զարգացման առումով շատ կարևոր ենք համարում փառատոնները։ Դրանք աշխարհում լայնորեն հայտնի են որպես զբոսաշրջության լավագույն ձևեր։ Փորձում ենք մեր փառատոնների մակարդակը տարեցտարի ավելի բարձրացնել, որպեսզի ոչ միայն Հայաստանում գտնվող զբոսաշրջիկը ցանկանա ներկա լինել այդ փառատոնին, այլև հատուկ դրա համար գա մեր երկիր։ Նմանատիպ հաջողություն գրանցվել է «Արենու գինու փառատոն»-ի ժամանակ»,- տեղեկացրեց Զեյթունցյանը։ 
Նա նշեց, որ սկսել են ռեգիոնալ զբոսաշրջային ապրանքի ձևավորման համար աշխատանքներ իրականացնել։ Վրաստանի զբոսաշրջության գործակալության հետ մշակել են մի ծրագիր, որի շրջանակում զբոսաշրջային օպերատորների մի խումբ է եկել Հայաստան։ Շուտով Հայաստանից այդպիսի մի խումբ կգնա նրանց երկիր՝ ծանոթանալու Վրաստանի տեսարժան վայրերին և փորձելու ստեղծել սիներգիա՝ այնպիսի ապրանք, որը հիմնված է երկրների տարբերությունների վրա, և դրանք միավորելով ստացվում է մի արդյունք, որի շնորհիվ զբոսաշրջիկը ունենում է անմոռանալի տպավորություններ։ 
«Մենք հստակ աշխատում ենք մի քանի շուկաների՝ Ռուսաստանի, Իրանի, Պարսից ծոցի երկրների, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի այն երկրների հետ, հատկապես որոնց հետ մենք ունենք ուղիղ չվերթներ։ Այստեղ ընդգրկված է նաև մեր ներքին շուկան, ինչպես նաև Գերմանիան, քանի որ այն ամենամեծ զբոսաշրջային շուկան է Եվրոպայում»,- շեշտեց Զարմինե Զեյթունցյանը։ 
Հայաստանի մասին ֆիլմ է նկարահանվել և այժմ նկարվում են դրա տարբեր տարբերակները։ Լինելու է փոքրիկ՝ 45 վայրկյան տևողությամբ ֆիլմաշար, հատուկ զբոսաշրջային ուղղությունների մասին՝ կրոնական թեմայով, էկոզբոսաշրջության, գինու մասին և այլն։ 


«2018 թվականին նախատեսում ենք որոշակի ֆինանսական միջոցներ հատկացնել տուրապրանքի  համար՝ ստեղծել հատուկ տիպի մարքեթինգային հուշանվերների ցանց, որպեսզի զբոսաշրջիկը կարողանա ամբողջական տպավորություն ստանա։ Տուրապրանքի մեջ ցանկանում ենք, բացի տեսարժան վայրերից, ընդգրկել նաև հարևան գյուղը, այնտեղի մշակույթը, նիստն ու կացը»,- տեղեկացրեց Կոմիտեի նախագահը։ 
Ստեղծվել է Հայաստանի զբոսաշրջային կայքը՝ armenia.travel, որն այսօր արդեն աշխատանքային փուլից մտել է օգտագործման փուլ։ Նրա խոսքով՝ կայքը կդառնա Հայաստանի հիմնական գործիքը, որի շնորհիվ հնարավոր կլինի հասանելի լինել այն զբոսաշրջիկին, ով դեռ մտածում է որևէ տեղ հանգստանալու մասին։ 
Շուտով կստեղծվեն զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ Սուրգուտ և Եկատերինբուրգ քաղաքներում մեր հովանավորների շնորհիվ։ Հայաստանի հիմնական շուկաներում՝ Ռուսաստանում և Իրանում իրականացվում է շատ թիրախավորված մարքեթինգային քաղաքականություն։ 
Զարմինե Զեյթունցյանն առաջիկայում մեկնելու է Գերմանիա՝ Բեռլին և Շտուտգարտ, որտեղ ունենալու է շնորհանդես, հրավիրվել են 200 տուրօպերատոր, Հայաստանից նույնպես կլինեն։ Շնորհանդեսի ժամանակ տեղի կունենա B2B (բիզնեսը բիզնեսի համար) ձևաչափով հանդիպում։ Նոյեմբերի վերջին նա մեկնելու է Հնդկաստան, և անտեղ երեք քաղաքներում նմանատիպ շնորհանդեսներ են իրականացվելու։ 
«Նախատեսվում է ավելի ագրեսիվացնել թվային մարքեթինգի քաղաքականությունը բոլոր այն շուկաներում, որոնց մենք ցանկանում ենք հասնել։ Հաջորդ տարի ցանկանում ենք մեր աչքի առաջ ունենալ Չինական, Հնդկական և Ճապոնական շուկաները, որոնք մեզ համար շատ հետաքրքիր են։ Ես ունեմ մի սկզբունք՝ չմտնել քաոսային շուկա, և մինչ այժմ այդ շուկաներ մտնելը շատ շուտ էր։ Պետք է ուսումնասիրել տվյալ շուկան, հասկանալ այն, հետո մտնել, ինչպես Ռուսաստանի և Իրանի դեպքում է»,- տեղեկացրեց Զարմինե Զեյթունցյանը և, եզրափակելով խոսքը, ասաց, որ նպատակ կա Հայաստանը ցույց տալ աշխարհին իր ողջ կոլորիտով։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]