Հասարակական

Խնձորեսկում ամենուրեք թևածում էին երգն ու պարը. ՀՀ-ում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ նշվեց Սպարապետի օրը

5 րոպեի ընթերցում

Խնձորեսկում ամենուրեք թևածում էին երգն ու պարը. ՀՀ-ում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ նշվեց Սպարապետի օրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում հոկտեմբերի 7-ին տոնական տրամադրություն էր. Զանգեզուրի ժայռերում ծվարած գողտրիկ անկյունում ամենուրեք թևածում էր երգն ու պարը, տոնական տրամադրությունը: Սեպտեմբերի 7-ին Խնձորեսկում առաջին անգամ նշվեց Սպասարապետի օրը:

Ինճպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիսավոր միջոցառման մեկնարկն ազդարարեցին Խնձորեսկի կախովի կամրջի երկարությամբ շարված կատարողներն՝ դհոլով և զուռնայով, որին հաջորդեց Մխիթար սպարապետի գերեզմանի մոտ Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Կուրսանտներն ի նշան հարգանքի ծաղիկներ դրեցին զորավարի գերեզմանին, տրվեց զինվորական համազարկ:

Միջոցառման ընթացքում Խնձորեսկում անցկացվեցին նաև սպորտային մրցույթներ, որոնց մասնակցելու հնարավորություն ունեին բոլոր ցանկացողները: Համայնքի տարբեր հատվածներում անցկացվեցին նետաձգության, հայկական ազգային կոխի, փեյնթ-բոլի մրցումներ: Դպրոցին հարակից տարածքում անցկացվեց մանկական թատերական ներկայացում, տարբեր հատվածներում տեղի ունեցան համերգներ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, «Կարին» երգի-պարի խմբի, Արսեն Գրիգորյանի (Մրո) և նրա ղեկավարած ազգագրական երգի համույթի մասնակցությամբ:

Ամբողջ օրվա ընթացքում ներկաները հատուկ տաղավարներից գյուղացիների պատրաստած էկոլոգիապես մաքուր ավանդական ուտելիքները, թխվածքներն ու խմիչքները գնելու հնարավորություն ունեին: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն Սեդրակ Մամուլյանի ղեկավարությամբ ներկայացրեց մարզին բնորոշ կերակրատեսակներ:

Սպարապետի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպիչ «Շարմ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանում Սպարապետի օր ունենալու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ մի քանի ընկերներով այցելել են Արցախի մարտական դիրքեր, ոգեշնչվել դիրքապահ զինվորների հետ հանդիպումից ու շփումից: «Գաղափարը ծնվեց, և մենք որոշեցինք այդ տոնը նշել հենց Խնձորեսկում, որովհետև այստեղ է գտնվում Մխիթար սպարապետի գերեզմանը, սակայն պետք է շեշտեմ, որ տոնը նվիրված է մեր բոլոր սպարապետներին: Մենք նաև փոքրիկ տեսաֆիլմ ենք պատրաստել, որում ներկայացնում ենք հայ ազգի բոլոր սպարապետներին: Այդ տեսաֆիլմը կցուցադրենք Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներն ավարտող գալա համերգի ընթացքում»,- ասաց Ղազարյանը:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանում Սպարապետի օրը կնշեն մեծ շուքով յուրաքանչյուր տարի և այն այսուհետ ավանդական բնույթ կկրի, որպեսզի հայ ժողովուրդն ամեն տարի բոլոր սպարապետներին հարգանքի տուրք մատուցելու հնարավորություն ունենա: «Նաև այս միջոցառումը կարևորում ենք այնքանով, որպեսզի մեր հարևանները տեսնեն, որ մենք ուրախանում ենք, երգում ու պարում ենք, որ մեզ մոտ տոնական տրամադրություն է: Նրանք պետք է հասկանան, որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք արժանի հակահարված տալ իրենց նկրտումներին»,- նշեց Կարեն Ղազարյանը;

Միջոցառման շրջանակներում արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին կանգնեցված խաչքարերի մոտ տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի փողային նվագախմբի ելույթը: ՀՀ պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված խնձորեսկցի հայորդիների հիշատակին:

Տոնակատարության շրջանակներում, անցկացվեց նաև «Բարեկամություն» ավանդական փառատոնը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի (ԵՊԲՀ ՈՒԽ) և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2003-ից անցկացվող փառատոնն այս տարի փոխել է ձևաչափը, որպեսզի արտասահմանցի ուսանողներին հնարավորություն տրվի Երևանից դուրս ևս ծանոթանալ Հայաստանի մշակույթին ու ավանդույթներին: Խնձորեսկում բուհի շուրջ 26 երկրների ուսանողները ներկայացրին իրենց երկրների մշակույթը՝ երգն ու պարը, խոհանոցը, ազգային հագուստը։

Խնձորեսկում տոնական միջոցառումները եզրափակվեցին գալա համերգով՝ Շուշան Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի (Մրո), Պարի պետական անսամբլի մասնակցությամբ: Գալա համերգին մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: ՀՀ Նախագահը մինչ այդ այցելել է Մխիթար սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում