Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում կայացավ հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը

Երևանում կայացավ հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում մեկնարկած հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ընթացքում հոկտեմբերի 4-ին երկու երկրների միջև ստորագրվեցին տարբեր ոլորտների առնչվող մի շարք փաստաթղթեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդգծեց, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի նման ձևաչափը առաջնահերթ նշանակություն ունի առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-լիտվական փոխգործակցության համար։

«Մենք առաջին հերթին քննարկել ենք առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող բոլոր ոլորտները, մասնավորապես՝ գյուղատնտեսության և արդյունաբերության։ Տեղեկատվական տեխնոլոգիաների, սպորտի և երիտասարդության ոլորտների շուրջ նույնպես քննարկումներ եղան: Մենք մեր գործընկերների հետ ուրվագծեցինք այն քայլերը, որոնք պետք է համատեղ իրականացնենք, որպեսզի երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը զարգանա ավելի մեծ տեմպերով»,- նշեց Կարայանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ ընդգծեց, որ բավականին խորը համագործակցություն են ծավալել լիտվացի գործընկերների հետ։

«Ստորագրելով համաձայնագիրը՝ ուղղակի փաստաթղթավորեցինք մեր հետագա համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Իրականացվելու են փորձի փոխանակումներ, համատեղ ծրագրեր և առաջիկայում այս փաստաթուղթը մեզ հնարավորություն կտա ավելի ինտենսիվ դարձնել մեր համագործակցությունը»,- ասաց Արտեմ Ասատրյանը։

Հայաստանի առևտրաշրջանառությունը Լիտվայի հետ 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 4.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.6 տոկոսով։ Այդ թվում՝ 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին արտահանումը Հայաստանից Լիտվա կազմել է 1.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 38.9 տոկոսով։ Լիտվայից Հայաստան ներմուծումն, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 3.4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 78.9 տոկոսով։ Ըստ առևտուր անող երկրի հատկանիշի ներմուծումը կազմել է 6.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.4 անգամ։ 2016-2017 թվականներին հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանից Լիտվա գրանցվել է արտահանման ծավալների զգալի աճ, մասնավորապես հետևյալ ապրանքատեսակների մասով՝ խաղողի գինի (2.4 անգամ), պահածոյացված միրգ, ընկուզեղեն, հատապտուղ (2.3 անգամ), բանջարեղեն պահածոյացված առանց քացախի (4.7 անգամ), ծխախոտ (2 անգամ), ալկոհոլային խմիչքներ (17.7 տոկոսով)։ 2016-2017 թթ. հունվար-հուլիս ժամանակահատվածում Լիտվայից Հայաստան հիմնականում ներմուծվել են՝ բամբակ մանածագործ նյութերից և դրանից իրեր, նավթ և նավթամթերք, հեռախոսային ապարատ բջջային ցանցի կամ այլ կապի, ինչպես նաև կանացի հագուստ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]