1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քաշաթաղի շրջանում երկու աշտարակ-բուրգեր են հայտնաբերվել 

Քաշաթաղի շրջանում երկու աշտարակ-բուրգեր են հայտնաբերվել 

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում երկու աշտարակ-բուրգեր են հայտնաբերվել, որոնցից մեկի տակ կան նաև աստիճաններ։ 
«Արմենպրես»-ի հետ  զրույցում այս մասին տեղեկացրեց գրող-հրապարակախոս, լրագրող, նկարիչ, «Շուշի» հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը։ 
«Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայագիտական հետազոտությունների հիմնադրամ»-ի հետ որոշվել էր, որ հնագիտության և ազգագրության ինստիտուտը մի արշավախումբ կազմակերպեր Արցախի նորահայտ ամրոցների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու համար։ Հնագիտության ինստիտուտից հնագետ Գագիկ Սարգսյանը նոր տեխնոլոգիաների միջոցով հայտնաբերել է մոտ 70 նորահայտ ամրոց։ «Շուշի» հիմնադրամը ձեռք բերեց դրոն սարքը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Սրբազանի օգնությամբ։ Այս ամենից հետո մենք հատուկ ծրագրերով քարտեզներ կազմեցինք, որպեսզի աշխատանքներն ավելի հեշտ կարողանանք իրականացնել։ Մեզ միացան նաև Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի աշխատակից Արտակ Գնունին, ինչպես նաև հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Դանիելյանը, ով ավելի մասնագիտացած էր դրոնի օգտագործման մեջ»,- նշեց Կարապետյանը։ 
Հասնելով Քաշաթաղ՝ նրանք այնտեղ տեսել են կիկլոպյան շարվածքով, հզոր պատերով մի ամրոց, որն անխաթար է մնացել։ Բակուր Կարապետյանի խոսքով, «միջնադարը հետքեր չի թողել դրա վրա»։ 
«Այդտեղ հայտնաբերել ենք նաև մի հսկա աշտարակ, որից հետո տեսել ենք, որ դրա տակ կան նաև աստիճաններ, որոնք ձգվում են 70 մետր երկարությամբ։ Մի մարդ, ով Ամերիկայից ընտանիքով վերադարձել էր Հայաստան և դպրոցաշինությամբ էր զբաղվում, Քաշաթաղում հետաքրքրվեց մեր ծավալած գործունեությամբ և ասաց, որ ինքը միջոցներ ունի ու կարող է դրանք տրամադրել աշխատանքներ իրականացնելու համար։ Հնագիտության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը մեր արշավախմբի առաջարկով դարձավ խմբի ղեկավարը, և սկսեցինք պեղումները»,- պատմեց «Շուշի» հիմնադրամի տնօրենը։    
Նրա խոսքով՝ պեղավայրում մեծ հետաքրքրություն էին առաջացնում ոչ միայն կիկլոպյան շարվածքները, այլ նաև երկու աշտարակները և դրանց տակ գտնվող աստիճանավանդակները, որոնք առանձին հարթակներով էին։ 
«Տեղ-տեղ 3,5 մ բարձրություն ունեին այդ աստիճանները։ Դրանք, իհարկե, քայլելու աստիճաններ չէին, այլ հնարավոր է, որ ամեն մի հարթակ որևէ ծեսի նվիրված լինի, և գուցե այդ աշտարակի ամենաբարձր հարթակը զոհասեղան ունենա ու նվիրված լինի արևին։ Այս ամենն, իհարկե, դեռ պետք է ճշտել և մանրամասն ուսումնասիրել»,- ընդգծեց Բակուր Կարապետյանը։ 
Այդ ամրոցներն իրենց տեսակներով ագորա (ժողովատեղի- հրապարակ) և զիկուրատ (բազմաստիճան պաշտամունքային կառույց) են։ Ագորան գտնվում է Քաշաթաղի շրջանի Միրիկ և Մոշաթաղ գյուղերի մեջտեղում տեղակայված մի լեռան վրա։ Նրա կարծիքով, այդ ամրոցները ամենայն հավանականությամբ երկաթե դարի ժամանակաշրջանի կառույցներ են։ Երկու աշտարակները գտնվում են իրարից 50-60 մ հեռավորությամբ։ 
«Սրանք այնպիսի հզոր կառույցներ են, որ չէին կարող պատկանել որևէ իշխանի։ Կարծում եմ, եղել են հոգևոր-վարչական կենտրոններ։ Այդ ամրոցի շուրջը բոլոր բարձունքների վրա տեղակայված են բերդեր, ամրոցներ, դիտակետեր, և երևում է, որ ամեն ինչ մի կենտրոնից է կառավարվել։ Այնտեղ կան նաև մի շարք իշխանական դամբարաններ, որոնք անհրաժեշտ է պեղել։ Դրանք պեղելով՝ շատ նյութեր կհայտնաբերվեն, և դրանց միջոցով տարբեր բաներ կարելի է բացահայտել»,- ասաց գրող-հրապարակախոսը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]