Հասարակական

Ֆիրդուսի տոնավաճառի ապամոնտաժումը վերսկսվեց

2 րոպեի ընթերցում

Ֆիրդուսի տոնավաճառի ապամոնտաժումը վերսկսվեց

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի ապամոնտաժումը վերսկսվեց և առևտրականները հավաքում են իրենց ապրանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի առևտրականների մեծ մասը բացել էին իրենց տաղավարները և շարունակում էին ապրանքների վաճառքը, սակայն, ավելի ուշ ապամոնտաժող հատուկ տեխնիկա մտցվեց այդ տարածք և առևտրականները ստիպված եղան հավաքել իրենց ապրանքները:

Հուլիսի 19-ի առավոտյան բնակիչները և առևտրականները թույլ չէին տվել փողոցում ապամոնտաժում իրականացնել: Առևտրականները նշում էին, որ իրենց ապրուստի միջոցը առևտուրն է: Նրանց առաջարկ էր եղել այլ տոնավաճառներ տեղափոխվելու վերաբերյալ, սակայն հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ տաղավարների վարձակալման գները բարձր են:

Առևտրականների մի մասը մինչև 2018 թվականի հունվար ժամանակ էր խնդրում, որ կարողանան իրենց ապրանքներն ամբողջությամբ վաճառել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից«Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ կառավարության որոշմամբ, Ֆիրդուսի տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել դեռ 2007 թվականին և այն պետք է իրացվի՝ քաղաքաշինական ծրագիր կյանքի կոչելու համար:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ քաղաքապետարանում դեռևս մեկ ամիս առաջ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներում տեղավորելու աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ հունիսի 19-ից 20 առևտրականներ տեղափոխվել են այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռևս շարունակվում են: Նշվել է, որ պետք է լուծվեր ևս 30 առևտրականների տեղափոխման հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում