Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Գագիկ Հարությունյանը գերագույն խնդիր է համարում Սահմանադրության հիման վրա ամբողջ իրավական դաշտի բարեփոխումը

 Գագիկ Հարությունյանը գերագույն խնդիր է համարում Սահմանադրության հիման վրա 
ամբողջ իրավական դաշտի բարեփոխումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր գերագույն խնդիր է Սահմանադրությունը կյանքի կոչելը. ոչ միայն սահմանադրության դրույթներն իրավական առումով, այլեւ Սահմանադրության հիման վրա ամբողջ իրավական դաշտը բարեփոխելը,  իրավահարաբերությունները սահմանադրականացնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սահմանադրության օրվան նվիրված ցուցահանդեսի շրջանակում նման համոզմունք հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Սահմանադրական դատարանում ներկայացված ցուցահանդեսի նկարները պատկանում են  հայտնի նկարիչ  Ռուդիկ Պետրոսյանին: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ նկարչի աշխատանքները իսկապես ապրում են հայկական ոգով:

«1995-ին ընդունված Սահմանադրությունը հայ ժողովրդի համար կայուն զարգացման երաշխիքներ ստեղծեցին նորանկախ այս վիճակում, եւ հետագա զարգացումները դրանք ավելի ամրապնդեցին: Թղթի վրա գրվածը մի բան է, իսկ  իրական կյանքի սահմանադրական հարաբերությունները՝ այլ բան: Պետք է կարողանանք Սահմանադրությունից անցում կատարել սահմանադրականության»,-ասաց նա:

Ցուցահանդեսին ներկայացված էր նաեւ Ռուդիկ Պետրոսյանի պատկերագիրքը. «Արցախ. Սպասում», «Հաղթանակ», «Արեւոտ օր», «Ձմեռային լիրիկա», «Դրախտ», «Վերածնունդ». նկարները բազմազան են, հարուստ գույներով եւ յուրօրինակ սյուժեներով: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Ռուդիկ Պետրոսյանը իսկապես վերածննդի նկարիչ է:

Ցուցահանդեսի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահը ներկայացրեց  նաեւ «Սահմանադրականություն. ախտորոշման, մշտադիտարկման եւ կառավարման խնդիրները» խորագրով ծավալուն գիրքը, որը նրա խոսքով՝ ամփոփում է երկար տարիների աշխատանքը միջազգային պրակտիկայում առաջին անգամ  սահմանադրական  մշակույթի գնահատման հիմնախնդրի լուծմանը նոր մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ մշակվել է լուրջ գիտական մեթոդիկա, եւ շուտով աշխատանք է տարվելու  ավելի քան 140 երկրներում սահմանադրականության մշակույթի գործնական գնահատման ու համեմատական վերլուծության վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am